Միխայիլ Պոդոլյակ. Մենք հետևում ենք Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի մեկնարկին
Միխայիլ Պոդոլյակ. Մենք հետևում ենք Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի մեկնարկին

Մենք հետևում ենք Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի սկզբին,- այսպես է գնահատել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գործողությունները Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինայի հակահարձակման մեկնարկը վերջնականապես ապակայունացրեց Ռուսաստանի էլիտաներին։

«Ուկրաինական հակահարձակման մեկնարկը, ի վերջո, ապակայունացրեց ռուսական էլիտաներին և ուժեղացրեց ներքին պառակտումները, որոնք ի հայտ եկան Ուկրաինայում կրած պարտությունից հետո։ Այսօր մենք, փաստորեն, հետեւում ենք քաղաքացիական պատերազմի մեկնարկին։ Պրիգոժինի խումբը գրավում է ռազմական օբյեկտներ, շտաբներ և ամբողջ քաղաքներ, որոնց ընթացքում նա ճանապարհին գրեթե ոչ մի դիմադրության չի հանդիպում, զինաթափում է զինվորականներին ու ոստիկաններին։ Պուտինը Պրիգոժինին հայտարարում է դավաճան և ոչ լեգիտիմ և համապատասխան հրամաններ է արձակում հատուկ ծառայություններին, բայց ոչինչ չի լինում՝ կառավարման ճգնաժամ, իշխանության փաստացի կորուստ։ Միաժամանակ «Վագները» շարունակում է իր երթը դեպի Մոսկվա։ Ուկրաինան շարունակում է գնալ իր ճանապարհով՝ մինչև 1991 թվականի սահմանները»,- ասել է Պոդոլյակը։

Հիշեցնենք՝ Եվգենի Պրիգոժինը մեղադրել է Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը իր մարտիկների ճամբարների վրա հարձակումներ իրականացնելու մեջ, ինչը ՊՆ-ն հերքում է։ Պրիգոժինն ասել է, որ մտադիր է կասեցնել «երկրի ռազմական ղեկավարության կողմից իրականացվող չարիքը»։ Նրա խոսքով, ինքը «ոչնչացնելու է ցանկացած ինքնաթիռ և բոլոր ճանապարհային արգելափակոցները, որոնք փակում են ճանապարհը»: Պրիգոժինի խոսքով՝ ինքը իր տրամադրության տակ ունի 25 հազար մարտիկ, և կոչ է անում բոլոր ռուսներին, ովքեր ցանկանում են միանալ իրենց, այդ թվում՝ կանոնավոր բանակի զինծառայողներին։ ՌԴ Անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ՝ ռազմական ապստամբություն հրահրելու մեղադրանքով։ Բացի այդ, ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական ռեժիմ է հայտարարվել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվգենի Պրիգոժինի գործողությունները դավաճանություն է անվանել և ասել, որ Մոսկվայի պատասխանը խիստ է լինելու։ Պուտինի խոսքով, «յուրաքանչյուրը, ով գիտակցաբար բռնեց դավաճանության ճանապարհը, պատրաստեց զինված ապստամբություն, կիրառեց շանտաժ ու ահաբեկչական մեթոդներ, անխուսափելի պատժի կենթարկվի, պատասխան կտա օրենքի և մեր ժողովրդի առջև»։