Միխայիլ Ղավելաշվիլի․ «Էրեկլե թագավորի կյանքը մեզ հիշեցնում է, որ երկրին ծառայելը պահանջում է աշխարհաքաղաքական իրողությունների ըմբռնում, բարդ իրավիճակում ազգային շահերի գերակայության պաշտպանություն»
Էրեկլե II թագավորը Վրաստանի պատմության ամենանշանավոր պետական գործիչներից մեկն է, ում անունը կապված է մեր երկրի ազատության համար պայքարի, պետական շահերի պաշտպանության և հայրենիքի առջև գերագույն պատասխանատվության հետ․ սոցիալական ցանցում գրել է նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին։
Նրա խոսքով՝ Էրեկլե թագավորի գլխավոր բարոյական և քաղաքական հոգսը վրացական պետականության, ազգային ինքնության և սեփական ժողովրդի փրկությունն էր։
«Շնորհավորում եմ Էրեկլեոբայի առթիվ։ Էրեկլե II թագավորը Վրաստանի պատմության ամենանշանավոր պետական գործիչներից մեկն է, ում անունը կապված է մեր երկրի ազատության համար պայքարի, պետական շահերի պաշտպանության և հայրենիքի առջև գերագույն պատասխանատվության հետ։
Ամենաբարդ աշխարհաքաղաքական դարաշրջանում, երբ Քարթլի-Կախեթին կանգնած էր էկզիստենցիալ սպառնալիքի, անդադար ագրեսիայի, դեմոգրաֆիական փլուզման և ազգի ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև, Էրեկլե թագավորի գլխավոր բարոյական և քաղաքական հոգսը վրացական պետականության, ազգային ինքնության և սեփական ժողովրդի փրկությունն էր։
Երկրի միավորմանը, նրա քաղաքական ու տնտեսական ամրապնդմանը և կրթության զարգացմանն ուղղված ջանքերն արտահայտում էին Էրեկլե թագավորի հեռատես տեսլականը, որ Վրաստանի ապագան հիմնված լինի հզոր պետության, կրթված հասարակության և ազգային միասնության վրա։
Հենց դրանով է Էրեկլե II-ի ժառանգությունը կարևոր նաև այսօր․ նրա կյանքը մեզ հիշեցնում է, որ երկրին ծառայելը, քաջության հետ մեկտեղ, պահանջում է երկրի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների ըմբռնում, պետական մտածողություն և ամենաբարդ իրավիճակում ազգային շահերի գերակայության պաշտպանություն։
Հատկապես շնորհավորում եմ այս օրը Թելավիին և ամբողջ Կախեթիին: Էրեկլե II թագավորի հիշատակը և նրա պետական ժառանգությունը միշտ արժանի տեղ կունենան մեր երկրի պատմության մեջ»,- գրել է Միխայիլ Ղավելաշվիլին։