ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունել է Վրաստանի օկուպացված շրջանների մասին «Համագործակցություն Վրաստանի հետ» բանաձևը
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2026 թվականի հոկտեմբերի 7-ին ընդունել է «Համագործակցություն Վրաստանի հետ» բանաձևը, որը վերաբերում է Վրաստանի օկուպացված շրջաններում մարդու իրավունքների վիճակին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում Վրաստանի բանաձևը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։
«Ինչպես անցյալ տարի, բանաձևն ընդունվել է կոնսենսուսով, ինչը Վրաստանի համար կարևոր հաջողություն է և միջազգային հանրության կողմից ամուր աջակցության արտահայտություն։ Մարդու իրավունքների խորհուրդը ևս մեկ անգամ հաստատում է աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և մտահոգություն է հայտնում Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում էթնիկ վրացի բնակչության դեմ իրականացված տարբեր տեսակի խտրականության և մարդու իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ։
Բանաձևը ընդգծում է 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի հիման վրա ստեղծված Ժնևի միջազգային բանակցությունների կարևորությունը։
Բանաձևում մտահոգություն է հայտնված օկուպացված տարածքներ մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային մոնիտորինգի մեխանիզմների մուտքի սահմանափակման առնչությամբ։ Հաշվի առնելով դա՝ խորհուրդը պահանջում է ապահովել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և մարդու իրավունքների միջազգային ու տարածաշրջանային մեխանիզմների անհապաղ և անսահմանափակ մուտքը օկուպացված շրջաններ։
Բանաձևը նաև ընդգծում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի օկուպացիան ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021-2026 թվականների որոշումների կարևորությունը և դատապարտում Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի ապօրինի բռնակցմանն ուղղված գործողությունները։
Նշված բանաձևը Վրաստանը 2017 թվականից ի վեր ամեն տարի ներկայացնում է Մարդու իրավունքների խորհրդին»,- նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։