Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում այսօր ծրագրված են հակակառավարական ցույցեր
Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են: Այսօր մայրաքաղաք Մինսկում և երկրի այլ քաղաքներում նախատեսված են հակակառավարական ցույցեր:
Կազմակերպիչների խոսքով, այն պատճառով, որ ոստիկանությունը մասսայաբար ձերբակալում է ցուցարարներին, բողոքի ցույցերի ձևաչափը փոխվում է: Այս անգամ բնակիչները Լուկաշենկոյի իշխանության դեմ կբողոքեն սեփական տներից և բակերից և չեն հավաքվի քաղաքի կենտրոններում:
Այսօրվա հանրահավաքը պաշտոնապես համաձայնեցված չէ կառավարության հետ:
Բելառուսում բողոքի ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները: