Մինսկի օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարք է խոցվել
Մինսկի օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարք է խոցվել

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Բելառուսի լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, գրել են, որ ՀՕՊ ուժերը կանգնեցրել են անհայտ թռչող սարքի թռիչքը։

Ըստ տեղեկությունների՝ Մինսկում տեղի ունեցած վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Բելառուսի ռազմաօդային ուժերը անօդաչու թռչող սարքը հայտնաբերել են մոտավորապես ժամը 02:00-ին։ Էլեկտրոնային պատերազմի ազդեցության հետևանքով գիշերը ժամը 02:33-ին անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Մինսկի Մատուսևիչ փողոցի 72-րդ տան մոտակայքում։

Բելառուսի պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ այս միջադեպի կապակցությամբ անհապաղ կձեռնարկվեն լրացուցիչ միջոցառումներ՝ օդային տարածքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու համար։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ միջադեպի հետաքննություն է ընթանում։ Ըստ տեղեկությունների՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ հետևում է իրավիճակին։