Միջազգային օլիմպիական կոմիտեն չի պատրաստվում հետաձգել Տոկիոյի օլիմպիական խաղերը
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ այս պահին մտադիր չէ հետաձգել կամ չեղարկել 2020 թվականի օլիմպիական խաղերը:
«Սա աննախադեպ իրավիճակ է ողջ աշխարհի համար, և մենք մտածում ենք բոլորի մասին, ովքեր տուժել են այս ճգնաժամից: Մենք համերաշխ ենք ողջ աշխարհի հանդեպ և անում ենք հնարավորը վարակը կանգնեցնելու համար: Կորոնավիրուսը լուրջ ազդեցություն ունի Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների վրա: Իրավիճակը փոխվում է ամեն օր:
Մինչ խաղերի մեկնարկը մնացել է չորս ամիս և այս պահին անհրաժեշտ չէ ընդունել արմատական որոշումներ: Միջազգային օլիմպիական կոմիտեն կոչ է անում բոլոր մարզիկներին շարունակել նախապատրաստվել Տոկիոյի օլիմպիական խաղերի համար: Այս պահին մարզիկների 57 տոկոսն ունի խաղերին մասնակցելու իրավունք:
Միջազգային օլիմպիական կոմիտեն վստահ է, որ ամբողջ աշխարհում ընդունված միջոցները կօգնեն կանգնեցնել կորոնավիրուսը: Մենք 24 ժամվա ընթացքում հետևում ենք իրավիճակին»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:
Տոկիոյի օլիմպիական խաղերը անց են կացվելու հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: