Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 36 օտարերկրյա քաղաքացու
Վերջին օրերին իրականացված համալիր միջոցառումների շրջանակում, Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների սերտ համակարգմամբ, Վրաստանից արտաքսվել է 36 օտարերկրյա քաղաքացի։
Երկրից արտաքսված են եղել Ադրբեջանի, Բանգլադեշի, Բելառուսի, Եգիպտոսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Ֆիլիպինների և Չինաստանի քաղաքացիներ։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Նշվում է, որ ընթացիկ ամսում միգրացիոն դեպարտամենտը, նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ, իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում, Վրաստանից արտաքսել է 115 օտարերկրյա քաղաքացու։ Իսկ 2025 թվականի առաջին յոթ ամիսների վիճակագրական տվյալներով՝ ընդհանուր առմամբ արտաքսվել է 640 օտարերկրյա քաղաքացի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 233 տոկոսով աճ է։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտը պատասխանատու է երկրի ներսում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա լիազորություններից մեկն է Վրաստանում օրինական հիմքի բացակայությամբ գտնվող օտարերկրացիների հայտնաբերումը և նրանց արտաքսումը երկրից։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։