Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 21 քաղաքացու
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների սերտ համակարգմամբ, վերջին օրերին իրականացված համալիր միջոցառումների շրջանակում Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 21 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։
Հաղորդագրության համաձայն, Վրաստանից արտաքսվել են Թուրքիայից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Իրանից, Թուրքմենստանից, Կոլումբիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Հորդանանից և Նիգերիայից ընդհանուր 21 քաղաքացի։ Գործող օրենսդրությանը համապատասխան՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
«Վրաստանի ՆԳՆ միգրացիոն դեպարտամենտը պատասխանատու մարմին է երկրի ներսում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա գործառույթներից է առանց իրավական հիմքի Վրաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների հայտնաբերումը և նրանց արտաքսման իրականացումը», – նշված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։