Մի քանի ՀԿ-ների ղեկավարներ կանչվել են դատախազություն հարցաքննության
Մի քանի ՀԿ-ների ղեկավարներ կանչվել են դատախազություն հարցաքննության

Դատախազությունում ընթացող հետաքննության շրջանակներում մի քանի ՀԿ-ների ղեկավարներ կանչվել են հարցաքննության։

Այս մասին ասվում է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։

«Ինչպես հայտնի է հանրությանը, Վրաստանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում դիվերսիայի, ծանրացուցիչ հանգամանքներում դիվերսիայի փորձի, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա կազմակերպությանը և օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող կազմակերպությանը օգնելու, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեության համար միջոցների մոբիլիզացման փաստերի վերաբերյալ։ Վերոնշյալ քրեական գործի քննության շրջանակներում, գործի համար կարևոր հանգամանքները պարզելու համար, որոշ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ կանչվել են Վրաստանի գլխավոր դատախազություն՝ որպես վկաներ հարցաքննության։ Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ 2024 թվականին ինչպես ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների առաջնորդները, այնպես էլ որոշակի հիմնադրամների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցել են Վրաստանի խորհրդարանի առջև և երկրի տարբեր վայրերում տեղի ունեցած բռնի բողոքի ցույցերի պլանավորմանը և կազմակերպմանը։ Վերոնշյալ հանգամանքները և քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են հանդիսացել 12 իրավաբանական անձանց՝ հիմնադրամների և ոչ կառավարական կազմակերպությունների բանկային հաշիվների առգրավման համար, ինչը սահմանափակել է միջոցների հետագա անօրինական տնօրինումը։ Մենք պարբերաբար հանրությանը կտրամադրենք տեղեկատվություն հետաքննության ընթացքի և արդյունքների մասին», – ասվում է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։

Դատախազությունը օգոստոսի 27-ին հայտարարություն է տարածել մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների բանկային հաշիվների առգրավման վերաբերյալ՝ դատախազությունում ընթացող հետաքննության շրջանակներում: Հետաքննությունը վերաբերում է դիվերսիայի, ծանրացուցիչ հանգամանքներում դիվերսիայի փորձի, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա կազմակերպությանը և օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող կազմակերպությանը օժանդակելուն, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործողությունների համար միջոցների մոբիլիզացմանը: Մասնավորապես, առգրավվել են հետևյալ ոչ կառավարական կազմակերպությունների հաշիվները՝ «Քաղաքացիական հասարակության հիմնադրամ», «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերություն», «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ», «Ժողովրդավարության պաշտպաններ», «Վրացական ժողովրդավարական նախաձեռնություն», «Սաֆարի», «Սոցիալական արդարադատության կենտրոն»: