Մետե Ֆրեդերիկսենը հայտարարում է, որ Դանիան չի հնազանդվի Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի անընդունելի ճնշումներին
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարում է, որ Դանիան չի հնազանդվի Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի անընդունելի ճնշումներին։ Նրա խոսքերով, սերունդների ընթացքում կառուցված օրակարգը վտանգի տակ է։
«Այն համաշխարհային կարգը, որը մենք կառուցել ենք սերունդների ընթացքում, նման վտանգի առաջ է կանգնած, ինչպես երբեք։ Վերջին ամիսներին Գրենլանդիան և Դանիան մեր ամենամոտ դաշնակցի կողմից անընդունելի ճնշման են ենթարկվում», – նշել է Ֆրեդերիկսենը ազգային տոնի կապակցությամբ ունեցած ելույթում։
Վարչապետի խոսքով՝ տրանսատլանտյան հարաբերություններում հիմքային սկզբունքները, ինչպիսիք են ազգային ինքնիշխանությունը, սահմանների հարգանքը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այժմ վտանգի տակ են։
«Սակայն մենք չենք հնազանդվում։ Մենք՝ դանացիներս, այդպիսին չենք», – հայտարարել է երկրի վարչապետը։
Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտնել է ցանկություն՝ ստանալ ԱՄՆ-ի վերահսկողություն հանքային ռեսուրսներով հարուստ և ռազմավարական դիրք ունեցող արկտիկական կղզու նկատմամբ՝ ազգային և միջազգային անվտանգության պատճառներով։ Գրենլանդիան Դանիայի կազմում մտնող կիսաավտոնոմ տարածք է։
Միաժամանակ, Դանիայի և Գրենլանդիայի առաջնորդները հայտարարում են, որ կղզու ապագայի վերաբերյալ որոշում կարող են կայացնել միայն գրենլանդացիները։