Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Մարատ Կամբոլովի, Ալան Գագլոևի և Սերգեյ Տոլմաչովի նկատմամբ, որոնք կապված են Վրաստանի ապօրինի օկուպացված շրջանների՝ Աբխազիայի և «Հարավային Օսեթիի» հետ
Այսօր Մեծ Բրիտանիան «Ռուսաստանի պատժամիջոցների ռեժիմի» շրջանակներում պատժամիջոցներ է սահմանում 31 ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և նավերի նկատմամբ այն գործունեության համար, որը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը,- այս մասին նշված է Վրաստանում Բրիտանիայի դեսպանատան հայտարարության մեջ։
Նրանց փոխանցմամբ՝ պատժամիջոցների ենթարկվածների թվում է երեք անձ, որոնք կապված են Վրաստանի ապօրինի օկուպացված շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիի հետ. Մարատ Կամբոլովը, Ալան Գագլոևը և Սերգեյ Տոլմաչովը։
«Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ ավելի լայն միտման մաս է, որն արտահայտվում է նրա հարևան երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։ Դրանց թվում է Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիի օկուպացիայի շարունակումը։
Մեծ Բրիտանիան դատապարտում է Վրաստանի օկուպացված շրջանների նկատմամբ իր ապօրինի վերահսկողությունն ամրապնդելու Ռուսաստանի փորձերը, այդ թվում՝ սեպտեմբերի 18-ին Հարավային Օսեթիում անցկացված այսպես կոչված «նախագահական ընտրությունների» և դե ֆակտո անեքսիային ուղղված հետագա քայլերի միջոցով։
Մեծ Բրիտանիան վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և շարունակում է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել իր գործողությունների համար»,- նշված է Բրիտանիայի դեսպանատան հայտարարության մեջ։