Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Մամուկա Փիփիայի, Նիկոլոզ Մժավանաձեի, Գիորգի Իրեմաձեի և Պաատա Աբուլաձեի նկատմամբ

15:10, 01.10.2026

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի չորս քաղաքացիների՝ Մամուկա Փիփիայի, Նիկոլոզ Մժավանաձեի, Գիորգի Իրեմաձեի և Պաատա Աբուլաձեի նկատմամբ։

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, Մեծ Բրիտանիա մուտքի արգելք, հավատարմագրային հիմնադրամների (թրաստերի) հետ կապված ծառայությունների սահմանափակում և տնօրենի պաշտոն զբաղեցնելու արգելք։

Ինչպես նշված է պատժամիջոցների սահմանման փաստաթղթում, Բրիտանիայի կառավարությունը գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած, որ Մամուկա Փիփիան «ներգրավված անձ» է 2019 թվականի «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների (Եվրոպական միությունից դուրս գալու) կանոնակարգերի» համաձայն՝ հետևյալ հիմքով.

«Մամուկա Փիփիան մասնակցել է կամ մասնակցում է այնպիսի աջակցություն ցուցաբերելուն կամ այնպիսի քաղաքականության ու գործողությունների հանրայնացմանը, որոնք ապակայունացնում են Ուկրաինան կամ խաթարում, սպառնում կամ ոտնահարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։ Վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության» քաղաքական կուսակցության առաջնորդի և միջազգային քարտուղարի կարգավիճակով նա գլխավորել է վրացի քաղաքական գործիչների պատվիրակությունը, որը հանդիպել է այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարին և հետագայում այս այցելությունը հանրայնորեն տարածել է։ Նաև, նա նպաստել է ռուսական ապատեղեկատվական նարատիվների տարածմանը»,- նշված է Բրիտանիայի կառավարության տարածած տեղեկատվության մեջ։

Գիորգի Իրեմաձեն, որը «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, Բրիտանիայի տվյալներով, միացել է վրացի քաղաքական գործիչների պատվիրակությանը, որը հանդիպել է այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարին։ «Նաև մասնակցել է կամ մասնակցում է այնպիսի աջակցություն ցուցաբերելուն կամ այնպիսի քաղաքականության ու գործողությունների հանրայնացմանը, որոնք ապակայունացնում են Ուկրաինան կամ խաթարում, սպառնում կամ ոտնահարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,- նշված է փաստաթղթում։

Մեծ Բրիտանիայի կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլոզ Մժավանաձեն, որպես Վրաստանում գործող ռուսալեզու հեռուստաալիքի հիմնադիր, նույնպես միացել է վրացի քաղաքական գործիչների պատվիրակությանը, որը հանդիպել է այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարին։

Պաատա Աբուլաձեն ևս փաստաթղթում հիշատակվում է որպես քաղաքական և ռազմական մեկնաբան, որը նույնպես մասնակցել է այցին։

Ավելի վաղ Վրաստանում Բրիտանիայի դեսպանատունը տեղեկատվություն էր տարածել Մարատ Կամբոլովի, Ալան Գագլոևի և Սերգեյ Տոլմաչովի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք կապված են Վրաստանի ապօրինի օկուպացված շրջանների՝ Աբխազիայի և «Հարավային Օսեթիի» հետ։

Նմանատիպ