Մեր օպոնենտները փորձում են քաղաքականացնել Դավիթ Գարեջիի հարցը, հավաստիացնում եմ, որ մեր գործընկերային հարաբերությունների վրա ստվեր չի ընկնի. Դավիթ Զալկալիանի
Բոլորին կոչ եմ անում, Դավիթ Գարեջիի հարցը պետականորեն շատ կարևոր է և չփորձեն նրա քաղաքականացումը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել ձեզ, որ ամեն բան տեղի կունենա մեր պետական շահերից ելնելով,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին հայտարարել է կառավարության նիստից հետո:
Ինչպես նշել է Զալկալիանին, Ադրբեջանը եղել է, կա և մնում է Վրաստանի ռազմավարական գործընկերը, շատ սերտ հարևան և բարեկամ երկիրը
«Որևէ հետաքննության գործընթաց և նոր հայտնաբերված հանգամանքները սահմանազատում-սահմանագծման հանձնաժողովի գործընթացի շրջանակներում չեն ազդի մեր ռազմավարական գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների վրա,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի Վրաստան կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել բովանդակալից զրույց սահմանազատման-սահմանագծման գործընթացի կապակցությամբ, մասնավորապես, Դավիթ Գարեջիի վերաբերյալ, քանի որ դա չափազանց կարևոր և զգայուն հարց է երկու երկրների հարաբերություններում:
«Մեր ադրբեջանցի գործընկերներին տրամադրվել է համապարփակ տեղեկատվություն նոր հայտնաբերված հանգամանքների մասին, որոնք առաջացել են նոր նյութերի որոնման արդյունքում: Մասնավորապես, ես նկատի ունեմ նոր քարտեզագրական նյութերը, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետների եզրահանգումները: Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է շարունակել բովանդակային աշխատանքը հանձնաժողովի շրջանակներում, որպեսզի հանձնաժողովը երկու կողմերի հետաքրքրությունների նախատեսմամբ ընդունի այնպիսի որոշում, որն ընդունելի կլինի ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Հանձնաժողովի շրջանակներում բոլոր կողմերը պաշտպանում և պաշտպանելու են իրենց դիրքերը: Մենք չենք կարող բողոքներ ունենալ ադրբեջանական կողմի դեմ, և այդ դիրքորոշումը գիտեն մեր ադրբեջանցի գործընկերները: Դա շատ հստակ արտահայտվեց այս այցից հետո մեր համատեղ մամուլի ասուլիսում: Այդ բանից հետո մեր օպոնենտների կողմից մենք տեսանք բացարձակ անհիմն հարձակում, ինչպես իմ, այնպես էլ կառավարության վրա, իբր այս հարցը քաղաքականացվում է, ինչը բացարձակապես անհիմն կապ է՝ Ադրբեջանում և Հայաստանում ընթացող էսկալացիայի հետ: Մեր հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին, սա այն ժամանակաշրջանն է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատում չկար, այս գործընթացը սկսվեց սեպտեմբերի 27-ին, դա օպոնենտների կողմից հարցի անպատասխանատու քաղաքականացման փորձ է: Վստահեցնում եմ ձեզ, որ ոչ մի ստվեր չի գցվի մեր ռազմավարական գործընկերության և մեր հարևան Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների վրա: Դա հաստատվում է նաև մեր ադրբեջանցի գործընկերների արձագանքներով: Երեկ մենք զրուցել ենք նրանց հետ, ինչպես նաև հրապարակային հայտարարություն է արել միջազգային հարաբերությունների հարցերով Ադրբեջանի նախագահի խորհրդականը: Բոլորին կոչ եմ անում, Դավիթ Գարեջիի հարցը պետականորեն շատ կարևոր է և չփորձեն նրա քաղաքականացումը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել ձեզ, որ ամեն բան տեղի կունենա մեր պետական շահերից ելնելով», – ասել է Դավիթ Զալկալիանին:
Նախարարը զրուցել է նաև նոր հանձնաժողովի աշխատանքի մասին և նշել, որ հանդիպումները ծրագրված էին, սակայն տեղի չեն ունեցել համավարակի պատճառով:
‘