Մենք պաշտպանում ենք բոլոր երկրների իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իրենց ապագան և արտաքին քաղաքականությունը, առանց արտաքին միջամտության. ՆԱՏՕ
Մենք պաշտպանում ենք բոլոր երկրների իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իրենց ապագան և արտաքին քաղաքականությունը, առանց արտաքին միջամտության. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ն աջակցում է բոլոր երկրների՝ առանց արտաքին միջամտության իրենց ապագան և արտաքին քաղաքականությունը որոշելու իրավունքին։ Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Խորհուրդը անհանգստացած է Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական ուժերի չհիմնավորված և չարդարացված մոբիլիզացմամբ, և Ռուսաստանին կոչ է անում անհապաղ հանդարտեցնել իրավիճակը։

«Մենք լրջորեն ենք վերաբերվում Դաշինքի անվտանգության համար ստեղծված իրավիճակի հետևանքներին։ Մենք միշտ պատշաճ կերպով արձագանքելու ենք մեր անվտանգության միջավայրի ցանկացած վատթարացմանը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում մեր հավաքական պաշտպանության դիրքերը ուժեղացնելով: ՆԱՏՕ-ն բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի Դաշինքի բոլոր անդամների անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հյուսիսատլանտյան խորհրդի հայտարարության մեջ ասվում է նաև, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ խելամիտ երկխոսության։

«Մենք տեղյակ ենք եվրոպական անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Ռուսաստանի հետ ցանկացած երկխոսություն պետք է իրականացվի երկկողմանի հիմունքներով՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի մտահոգությունները Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, պետք է նաև հիմնված լինի եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների և փաստաթղթերի վրա և պետք է անցկացվի ՆԱՏՕ-ի եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցելով։ Եթե ​​Ռուսաստանը կոնկրետ քայլեր ձեռնարկի լարվածությունը նվազեցնելու համար, մենք պատրաստ ենք աշխատել վստահության ամրապնդման միջոցների վրա։ ԵԱՀԿ-ն նույնպես համապատասխան հարթակ է»,- ասվում է Հյուսիսատլանտյան խորհրդի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պահանջում է բովանդակային երկխոսություն սկսել ՆԱՏՕ-ի հետ՝ նպատակ ունենալով ապահովել Ռուսաստանի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ:

Մոսկվայից կոնկրետ առաջարկներ են փոխանցվել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդին, ով այս շաբաթ այցելում է Ռուսաստան և Բրյուսել։

Թողնել մեկնաբանություն