Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցը Բելառուս:
Վրաստանի կառավարության ղեկավարին Մինսկի միջազգային օդանավակայանում դիմավորել է Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Դվորնիկը:
Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, վարչապետը կառավարության անդամների հետ միասին հարգել է Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը: Մամուկա Բախտաձեն Մինսկում ծաղկեպսակ է դրել 1941-1945 թվականներին, ֆաշիզմի դեմ պայքարող հերոսների հուշարձանին:
Այցի շրջանակներում նախատեսված է կառավարության ղեկավարի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Վրաստանի վարչապետը կհանդիպի բելառուս գործընկերոջը: Հանդիպումը կշարունակվի երկու երկրների կառավարության անդամների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափում:
Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպելու է Բելառուսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Վրաստանի վարչապետի գլխավոր պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի խորհրդարանի ֆինանսական և բյուջետային կոմիտեի նախագահ Իրակլի Կովզանաձեն: