Մեկնարկել է «Արժանի գործընկեր 2022»-ը
Մեկնարկել է «Արժանի գործընկեր 2022»-ը

Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի զորավարժարանում պաշտոնապես բացվել է «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունը։

Վրաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին շնորհավորել է զորավարժություններին մասնակցող Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինծառայողներին միջազգային վարժանքների մեկնարկի կապակցությամբ: Իր ելույթում նա ընդգծել է գործընկերների հետ համագործակցության և տարածաշրջանում կայուն միջավայրի ապահովման կարևորությունը։

Գերատեսչության տվյալներով՝ միջազգային վարժանքների բացման արարողությանը ներկա են եղել պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, զորավարժություններին մասնակցող երկրների պաշտպանական կցորդներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր խմբի, ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներ:

«Վրաստանում արդեն վեցերորդ անգամ են անցկացվում «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունները։ Միջազգային զորավարժությունները ղեկավարում են Վրաստանի պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարությունը և ԱՄՆ-ի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունը (USAREUR), ինչպես նաև աջակցում է Ուսումնական և ռազմական կրթության հրամանատարության համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնը (JTEC):

«Արժանի գործընկեր 2022»-ի նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների միջև պատրաստվածությունն ու փոխգործունակությունը՝ ապահովելու կայուն, անվտանգ միջավայր Սևծովյան տարածաշրջանում։ Այս տարի զորավարժությունների պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն Ճապոնիայի և Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչները։ Բազմազգ զորավարժություններին ներգրավված է ավելի քան 2400 զինվորական։ Այս տարվա բազմազգ զորավարժությունների մասնակիցներն են՝ Վրաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Սլովակիա, Նորվեգիա, Հունգարիա, Լիտվա, Ադրբեջան, Գերմանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա, Լեհաստան, Ճապոնիա, Լիտվա- Լեհաստան-Ուկրաինա բազմազգ բրիգադը և Շվեդիայի զինված ուժերը»,- ասվում է տեղեկատվության մեջ։