Մայք Պոմպեոյի այցի արդյունքում ռազմավարական գործընկերությունը կանցնի էլ ավելի բարձր մակարդակ, բոլոր հիմնական ուղղություններով. Դավիթ Զալկալիանի
Այն փաստը, որ տեղի է ունենում ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը, շատ կարևոր ուղերձ է մեր երկրի, ինչպես նաև տարածաշրջանի համար ՝ հաշվի առնելով տարածաշրջանում, մեր հարևանությամբ տեղի ունեցող լուրջ աշխարհաքաղաքական գործընթացները,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, պետքարտուղար Մայք Պոմպեոյի Վրաստան այցի մասին խոսելիս:
Զալկալիանիի խոսքով, այցի արդյունքում ռազմավարական գործընկերությունը կանցնի էլ ավելի բարձր մակարդակ, բոլոր հիմնական ուղղություններով:
«Կարծում եմ, որ այս այցը հնարավորինս կօգտագործվի այն բանի համար, որ մեկ անգամ ևս ընդգծվի Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը: Կլինի հերթական հաստատում, որ Վրաստանը Ամերիկայի միացյալ Նահանգների ամենամոտ դաշնակիցն ու հենարանն է: Վստահ եմ, որ այցի արդյունքում ռազմավարական գործընկերությունը կանցնի էլ ավելի բարձր մակարդակի, բոլոր հիմնական ուղղություններով՝ պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև առևտրատնտեսական հարթության տեսանկյունից: Մենք բազմիցս նշել ենք, և այս այցի ընթացքում, ինչպես նաև այցից հետո, հնարավորություն կունենանք ասել, որ մեր ցանկությունն է, որ Վրաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցությունը բարձրանա այնպիսի մակարդակի, ինչպիսին պաշտպանական և անվտանգության համագործակցության ոլորտում է: Իհարկե, այս երկու հիմնական ուղղությունները էապես կուժեղացնեն մեր դիմադրողականությունը, կամրապնդեն տարածաշրջանում ստեղծված մարտահրավերներին դիմագրավելու մեր ունակությունը և էլ ավելի կարևոր կլինեն բոլոր մյուս ոլորտներում հարաբերությունների ամրապնդման գործում», – հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Նոյեմբերի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն: Այցի շրջանակներում պետքարտուղարը հանդիպումներ կունենա վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Մայք Պոմպեոն Թբիլիսիում հանդիպում կունենա նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: