Մարյամ Քվրիվիշվիլին նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում
Վրաստանի խորհրդարանի անդամ, Եվրոպային ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, և զբոսաշրջության ազգային վարչակազմի նախկին ղեկավար, Մարյամ Քվրիվիշվիլին նշանակվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ,- այս մասին հաղորդում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Գերատեսչության հաղորդմամբ, Մարյամ Քվրիվիշվիլին նախարարությունում կգլխավորի զբոսաշրջության, ավիացիայի և առողջարանների զարգացման ուղղությունները:
«Մարյամ Քվրիվիշվիլին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է: Մինչ էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակվելը, նա Վրաստանի օրենսդիր մարմնի անդամ էր և Եվրոպային ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, ինչպես նաև ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ: Նրա աշխատանքը կապված է նաև Եվրամիություն-Վրաստան խորհրդարանական ասոցացման հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի (EURONEST PA) հետ:
2021 թվականի հունվարի 21-ից, Մարյամ Քվրիվիշվիլին խորհրդարանի բաց կառավարման մշտական խորհրդարանական խորհրդի նախագահն է, իսկ 2021 թվականի փետրվարի 18-ից, Վրաստանի խորհրդարանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բանգլադեշի ժողովրդական Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Կատարի պետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Իսպանիայի Թագավորության, Լիբանանի Հանրապետության, Մարոկկոյի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության, Հնդկաստանի Հանրապետության, Քուվեյթի և Շվեյցարիայի Համադաշնության հետ բարեկամության խմբի անդամը:
Մինչ Վրաստանի խորհրդարան ընտրվելը, 2019-2020 թվականներին Մարյամ Քվրիվիշվիլին գլխավորում էր էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, զբոսաշրջության ազգային վարչությունը: Նա 2012-2014 թվականներին զբաղեցրել է նույն վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ 2014-ից 2019 թվականներին եղել է «Վոյաժեր» զբոսաշրջային օպերատորի գլխավոր մենեջերը, միևնույն ժամանակ flydubai ավիաընկերության տարածաշրջանային մենեջերը: 2010-2012 թվականներին Քվրիվիշվիլին աշխատել է որպես Աջարիայի խմբի ղեկավարի տեղակալ, մարդկային ռեսուրսների կառավարման ուղղությամբ:
Մարյամ Քվրիվիշվիլին ազատ համալսարանի (ESM Business School) մագիստրոսի թեկնածու է, ինչպես նաև ավարտել է Սև ծովի միջազգային համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը (մարքեթինգի որակավորում) և բիզնեսի կառավարման կարճաժամկետ դասընթացը՝ Քալիֆոռնիայում, Բերկլի քաղաքում (University of California, Berkeley):
Մասնավոր հատվածում նրա աշխատանքային փորձից կարելի է առանձնացնել հատկապես Վրաստանում ՝ Flynas և Salam Air ավիաընկերությունների ուղիղ կանոնավոր չվերթների իրականացումը և ներկայացուցչությունների բացման նախագծի նախաձեռնումը և կառավարումը, ինչպես նաև Վրաստանում՝ Jazeera Airways-ի և Gulf Air-ի գրասենյակների բացումը և կառավարումը:
Նշենք, որ 2016 թվականին Մարյամ Քվրիվիշվիլին ստացել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ազգային մրցանակ՝ «Վրաստանում զբոսաշրջության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար», – հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: