Մարթա Կոսը ասում է, որ Մոլդովայի հետ Եվրամիությանը անդամակցության բանակցությունները կարող են ավարտվել 2028 թվականին
Եվրահանձնակատար Մարթա Կոսը կարծում է, որ Մոլդովայի՝ Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ բանակցությունները կարող են ավարտվել 2028 թվականին։
Այս մասին հաղորդում է ուկրաինական «Եվրոպայսկայա պրավդա» լրատվամիջոցը։
Ընդլայնման հարցերով եվրահանձնակատարի խոսքով՝ տեխնիկապես հնարավոր է ավարտել Մոլդովայի՝ Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ բանակցությունները 2028 թվականի առաջին կամ երկրորդ եռամսյակում։
«Այս պահին ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Մենք աջակցում ենք Մոլդովայի ձգտմանը՝ դառնալու Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը։ Եթե վերլուծենք անցյալի փորձը, կտեսնենք, որ տեխնիկապես հնարավոր է ավարտել անդամակցության վերաբերյալ բանակցությունները արդեն 2028 թվականի առաջին կամ երկրորդ եռամսյակում», – ասել է Մարթա Կոսը։
Ինչպես գրում է «Եվրոպայսկայա պրավդան», Եվրահանձնաժողովի կողմից անդամակցության գործընթացի մոտավոր ժամկետների անվանակոչումը բավականին անսովոր է։ «Հետևաբար, Կոսը իսկապես հիմքեր ունի նման լավատեսության համար։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, այս անգամ նման կանխատեսումներ չեն արվել», – ասվում է հոդվածում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովան աշխատում է Եվրամիությանը անդամակցելու բանակցությունների համար անհրաժեշտ տեխնիկական գործընթացն ավարտելու ուղղությամբ մինչև 2028 թվականի սկիզբը, և այդպիսով երկիրը պատրաստ կլինի Եվրամիության անդամակցությանը 2030 թվականին։
Տեղեկատվության համար՝ հոկտեմբերի 13-ին Եվրամիությունը և Մոլդովան բանակցություններ են սկսել երկու կլաստերների՝ «Ներքին շուկա» և «Մրցունակություն և ներառական աճ» թեմաների շուրջ։