Մարթա Կոս. Թեկնածու երկրները պետք է աշխարհաքաղաքական ընտրություն կատարեն՝ նախքան Եվրամիությանը միանալը
Մարթա Կոս. Թեկնածու երկրները պետք է աշխարհաքաղաքական ընտրություն կատարեն՝ նախքան Եվրամիությանը միանալը

ԵՄ թեկնածու երկրները պետք է աշխարհաքաղաքական ընտրություն կատարեն դաշինքին միանալուց առաջ,- «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը։

Ըստ «Euronews»-ի՝ նոր անդամները պետք է կիսվեն հիմնարար տեսակետներով հիմնական հարցերի շուրջ՝ Հունգարիայի փորձի կրկնությունից խուսափելու համար, այդ իսկ պատճառով հանձնաժողովը ուսումնասիրում է նոր անդամների համար օրենքի գերակայության ավելի ուժեղ պաշտպանությունը։

Կոսը նշել է, որ կարևոր է, որ անդամ պետությունները և եվրոպացի քաղաքացիները ապահովեն, որ թեկնածու երկրները կատարեն իրենց խոստումները միանալուց հետո։

Հարցին, թե արդյոք նոր անդամ պետությունները կարող են զրկվել լիարժեք քվեարկության իրավունքից փորձաշրջանի ընթացքում, Կոսը «Euronews»-ին ասել է, որ ինքը կողմ չէ երկաստիճան անդամակցությանը։

«Ես կտրականապես դեմ եմ դրան։ Մենք չենք կարող ունենալ երկրորդ կարգի քաղաքացիներ», – ասել է նա։

Կոսը նաև կոչ է արել անդամ պետություններին ապահովել քաղաքական խթան՝ տեխնիկական աշխատանքներից զատ, որպեսզի հաղթահարվի Վիկտոր Օրբանի կողմից Ուկրաինայի նկատմամբ վետոյի պատճառով գործընթացում առաջացած փակուղին։ Նա նաև ասել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի արտաքին քաղաքականությունը հակասում է ԵՄ օրակարգին։