Մարոկկոյից Իսպանիայի անկլավ մի քանի ժամում հազարավոր միգրանտներ են մուտք գործել․ տեղական իշխանությունները Մադրիդին կոչ են անում արտակարգ դրություն հայտարարել և լրացուցիչ ուժեր ուղարկել
Մարոկկոյից Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա մի քանի ժամվա ընթացքում հազարավոր միգրանտներ են մուտք գործել, ինչի պատճառով տեղական իշխանությունները Մադրիդին կոչ են անում ազգային արտակարգ դրություն հայտարարել և լրացուցիչ ուժեր ուղարկել։
Ականատեսների նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ հատում սահմանը, նրանցից ոմանք քաղաք են մտնում ծովով։ Միգրանտների մեծ մասը երիտասարդ տղամարդիկ են, թեև կան նաև կանայք և երեխաներ։ Պաշտոնական տվյալներ դեռևս չեն հրապարակվել, սակայն, Իսպանիայի պետական հեռուստատեսության տեղեկատվությամբ, Սեուտա արդեն մուտք է գործել 2000-ից մինչև 3000 մարդ։
Սեուտայում գործող Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցների ասոցիացիայի ղեկավար Ռաշիդ Սբիհին հայտարարել է, որ տեղում «բացարձակ քաոս է»։ Սեուտայի նախագահ Խուան Խեսուս Վիվասը Իսպանիայի իշխանություններին կոչ է արել տեղում անհապաղ լրացուցիչ իրավապահների և ռազմական ուժեր ուղարկել, որպեսզի ապահովվի «սահմանի անձեռնմխելիությունը և քաղաքացիների անվտանգությունը»։ Նրա խոսքով՝ միգրանտների ընդունման կենտրոններն արդեն ծանրաբեռնված են, և հարյուրավոր մարդիկ ստիպված են գիշերել փողոցում։
Իսպանիայի կառավարությունից հայտնել են, որ երկրի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան կժամանի Սեուտա, սակայն նշել են, որ միգրացիոն ճգնաժամը ազգային արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմք չի հանդիսանում։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ իշխանությունն անհապաղ արձագանք կունենա։ Նրա խոսքով՝ մոբիլիզացված են բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, ընթանում է համագործակցություն Մարոկկոյի և միջազգային գործընկերների հետ, և նախապատրաստվում են լրացուցիչ միջոցառումներ, որպեսզի տարածաշրջանում նորմալ իրավիճակը հնարավորինս արագ վերականգնվի։