Մարկո Ռուբիո․ Ուկրաինայում պատերազմը կավարտվի բանակցային համաձայնագրով․ այն չի ավարտվի կողմերից որևէ մեկի «ջախջախիչ» հաղթանակով
Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ այս փուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «էներգետիկ զինադադար» չկա։
Նա նաև նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ոչ մի կողմի օգուտ չի բերում։
«Ուստի պատերազմը դադարեցնելը լիովին տրամաբանական է։ Սակայն, ցավոք, արտաքին քաղաքականության և նմանատիպ հարցերում ոչ միշտ է տեղի ունենում այն, ինչ տրամաբանական է։ Այդ իսկ պատճառով նախագահ Թրամփը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք՝ որտեղ էլ որ հնարավորություն ընձեռվի, փոխել իրավիճակը դեպի լավը և հաղթահարել երկու կողմերի միջև առկա տարաձայնությունները։ Նախագահը պատրաստ է դա անել, և մենք կշարունակենք ջանքեր գործադրել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ինչպես նշել է Մարկո Ռուբիոն, պատերազմը չի ավարտվի որևէ կողմի հաղթանակով։ Նա հայտարարել է, որ հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով։
«Այս պատերազմը վաղ թե ուշ պետք է ավարտվի, և Ուկրաինայում ընթացող պատերազմը կավարտվի բանակցային կարգավորմամբ։ Այն չի ավարտվի կողմերից մեկի որևէ «ջախջախիչ» հաղթանակով։ Այն կավարտվի բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնագրով»,- նշել է Ռուբիոն։