Մարկո Ռուբիո․ «Այս փուլում ռուս-ուկրաինական պատերազմի՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման հեռանկար չի երևում»
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմը գտնվում է ռազմավարական փակուղում, որից դուրս գալը հնարավոր է ինչպես բանակցությունների, այնպես էլ էսկալացիայի ճանապարհով։
Այս մասին տեղեկությունը հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով հունական ԶԼՄ-ներին։
Ռուբիոն ԶԼՄ-ների հետ զրույցում նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պահանջում է լիակատար վերահսկողություն սահմանել Դոնբասի նկատմամբ, իսկ Ուկրաինան համաձայն չէ դրան, ինչն էլ, նրա խոսքով, դիվանագիտական ջանքերի անհաջողության պատճառն է։
«Այս փուլում բանակցությունների ճանապարհով կարգավորման հեռանկար չի երևում։ Մենք պատրաստ ենք ցանկացած դեր խաղալ դրան հասնելու համար։ Մենք դա անցյալում արդեն փորձել ենք, սակայն նպատակն անհասանելի է մնում, քանի որ ռուսները պահանջում են լիակատար վերահսկողություն Դոնբասի նկատմամբ, ինչն Ուկրաինան անընդունելի է համարում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Մարկո Ռուբիոն, խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին, անդրադարձել է նաև հնարավոր էսկալացիային և մտահոգություն հայտնել Սև ծովում անօդաչու թռչող սարքերով նավերի վրա իրականացված նոր հարվածների կապակցությամբ։