Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է G7-ի արտգործնախարարների հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է G7 երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ առաջնորդները քննարկել են հրատապ հարցեր, այդ թվում՝ Աֆրիկայում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող հակամարտությունները, ինչպես նաև Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արևմտյան կիսագնդում տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։
«Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Վենեսուելայում կայունությունը խթանելու և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու բանակցություններին։ Պետքարտուղար Ռուբիոն և նրա գործընկերները վերահաստատել են G7 համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող գլոբալ սպառնալիքներին դիմակայելու համար», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Բացի այդ, Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ինչպես գրել է Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցերում, ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ նա նրան տեղեկություններ է տրամադրել առաջնագծում տիրող իրավիճակի, ռուսական հարվածների և Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումների ազդեցության մասին։
«Մենք քննարկեցինք, թե ինչպես օգնել Ուկրաինային պաշտպանել կյանքը ձմեռային ցրտի ժամանակ և ամրապնդել մեր դիմադրողականությունը։ Մենք նաև մանրամասն քննարկեցինք դիվանագիտական գործընթացը և եռակողմ հանդիպումները։ Չափազանց կարևոր է, որ Ժնևում նախատեսված բանակցությունները լինեն արդյունավետ, և ես շնորհակալություն եմ հայտնում Միացյալ Նահանգներին կառուցողական մոտեցման համար։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին և բոլոր ամերիկացիներին Ուկրաինային տրամադրված նշանակալի աջակցության համար», – գրել է Ուկրաինայի նախագահը։