Մարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովը կհանդիպեն հուլիսի 23-ին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն հուլիսի 23-ին։
Սերգեյ Լավրովի խոսքով՝ երեկ նա կարճատև հանդիպում է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ հետ Հարավարևելյան Ասիայի ֆորումի շրջանակներում, և կողմերը համաձայնության են եկել հուլիսի 23-ին երկկողմ հանդիպում անցկացնելու հարցում։
«Միշտ ավելի լավ է հարցեր տալ անմիջապես և պատասխաններ ստանալ առաջին աղբյուրից։ Մենք երեկ հանդիպեցինք Մարկո Ռուբիոյի հետ և հաստատեցինք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ օրվա առաջին կեսին։ Հուսով եմ՝ մենք հնարավորություն կունենանք մեր տպավորությունները կիսել ձեզ հետ», – ասաց Լավրովը։
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, որ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նրանք կքննարկեն Ուկրաինայում պատերազմի հարցը։
«Մենք, հավանաբար, աշխարհում միակ երկիրն ենք, որը կարող է իր դերը խաղալ այս պատերազմի ավարտի գործում», – նշեց Ռուբիոն։
Ռուբիոն ասաց, որ Ուկրաինայում պատերազմը զգալիորեն խոչընդոտել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կարողությունը՝ համաձայնության գալու տարբեր հարցերի և ոլորտների շուրջ։
«Դա չի նշանակում, որ մենք չենք փորձի գտնել համագործակցության այլ հնարավոր ոլորտներ, բայց միևնույն ժամանակ մենք նաև ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի։ Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի համար լավ կլինի, եթե այս պատերազմն ավարտվի։ Այսպիսով, մենք կբարձրացնենք այս հարցը։ Ինչպես ասացի, Միացյալ Նահանգները շարունակում է բաց և պատրաստակամ լինել կառուցողական դեր խաղալ պատերազմի ավարտի գործում, եթե նման հնարավորություն ստեղծվի, և դա կարող է տեղի ունենալ։ Մենք, հավանաբար, միակ երկիրն ենք, կարծում եմ՝ ռուսները կհամաձայնվեն, որը կարող է այդ դերը խաղալ», – ասաց Ռուբիոն։