Մարկո Ռուբիոն ասում է, որ ԱՄՆ-ն ունի Վենեսուելայի համար եռափուլ ծրագիր՝ սկսած երկրի կայունացումից, այնուհետև շարունակելով երկրի վերակառուցումը և անցումային շրջանի վերահսկումը
ԱՄՆ-ը Վենեսուելայի համար ունի եռափուլ ծրագիր, որը սկսվում է երկրի կայունացմամբ, ապա անցում է վերականգնման փուլին և ավարտվում՝ անցումային շրջանի վերահսկմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է խուսափել գործընթացների քաոսային ընթացքից։
«Առաջին փուլը երկրի կայունացումն է։ Մենք չենք ցանկանում, որ այս գործընթացն անցնի քաոսի։ Կայունացման մի մասը և պատճառը, ինչու մենք հասկանում ենք, որ ունենք ամենաուժեղ լծակները, մեր կարանտինն է։ Ինչպես տեսաք այսօր, մենք առգրավեցինք ևս երկու նավ։ Հիմա մենք այդ գործընթացում ենք և, ըստ էության, պատրաստվում ենք համաձայնագիր կնքել, որպեսզի ամբողջ նավթը դուրս բերենք։ Նրանք ունեն նավթ, որը ներկայումս մնացել է Վենեսուելայում։ Նրանք չեն կարող այն արտահանել մեր կարանտինի և պատժամիջոցների պատճառով։ Մենք նախատեսում ենք վերցնել մոտ 30-ից 50 միլիոն բարել նավթ։ Այն կվաճառվի շուկայական գներով, ոչ թե այն զեղչերով, որոնք նախկինում ստանում էր Վենեսուելան։ Այս գումարի բաշխումն ամբողջությամբ կվերահսկվի մեր կողմից՝ այնպես, որ այն օգուտ բերի հենց վենեսուելացիներին, ոչ թե կոռումպացված ռեժիմին։ Այսպիսով, մենք մեծ լծակ ունենք՝ անցնելու կայունացման փուլին։
Երկրորդ փուլը, որը մենք կոչում ենք վերականգնում, ներառում է ապահովում, որ ամերիկյան, արևմտյան և այլ ընկերությունները արդար և հավասար պայմաններով կարողանան մուտք գործել Վենեսուելայի շուկա։ Միևնույն ժամանակ, Վենեսուելայում կմեկնարկի ազգային հաշտեցման գործընթաց, որով կազատվեն բանտերից ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները կամ կվերադառնան երկրին՝ համաներման միջոցով, և կսկսվի քաղաքացիական հասարակության վերակառուցում։
Երրորդ փուլը, իհարկե, կլինի անցումային շրջանը», — հայտարարել է Մարկո Ռուբիոն։