Մարկո Ռուբիո. Հավանաբար հիշում եք այն կադրը, երբ հեռուստահաղորդավարը կանգնած էր կրակի մեջ հայտնված թաղամասում, իսկ էկրանին գրված էր, որ «բողոքի ակցիաներն անցնում են հիմնականում խաղաղ», ձախակողմյան բռնությունը վերածվել էր հատուկ պաշտպանության արժանի երևույթի, այս դարաշրջանը պետք է ավարտվի

20:36, 16.07.2026

Մեր երկրներում ծայրահեղականության ուսումնասիրության շուրջ մի ամբողջ արդյունաբերություն է ձևավորվել, – այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Վաշինգտոնում ընթացող «Քաղաքական ահաբեկչության վերաակտիվացման մասին» նախարարական հանդիպման ժամանակ իր ունեցած ելույթում։

«Կան հետազոտական կենտրոններ, կրթաթոշակներ, գիտական ամսագրեր և խորհրդատվական կազմակերպություններ, որոնք կիսում էին այն անձայն կանխավարկածը, թե իբր քաղաքական բռնության միայն մեկ տեսակն է իրական սպառնալիք ներկայացնում մեր հասարակության համար։ Եթե ռումբը տեղադրում էր նեոնացիստական խմբավորումը, դա չար ու մահացու հանցագործություն էր։ Եվ դա իրոք այդպես է։ Բայց եթե ռումբը տեղադրում էր մարքսիստ հեղափոխականը, դա, նրանց պատկերացմամբ, ընդամենը իդեալիզմի ողբերգական չափազանցում էր։ Հնարավոր է՝ մեթոդները սխալ կամ չափազանցված էին, բայց նպատակները՝ վեհ և արդարացի։ Հենց այսպիսի վերաբերմունք էինք մենք տեսնում», – հայտարարել է Ռուբիոն։

Մարկո Ռուբիոյի խոսքով՝ տարիներ շարունակ զարմանալի գաղափարական կողմնակալությունն էր որոշում այն, թե ինչպես էր խոսվում քաղաքական բռնության և ծայրահեղականության մասին։

«Սա կրկնում էին այնքան շատ, որ ի վերջո ընկալեցին որպես չեզոք և օբյեկտիվ ճշմարտություն։ Այս պատկերացումն այնքան խորն է արմատավորվել մեյնսթրիմային մտածողության մեջ, որ կարծես դարձել է քաղաքականությունից անկախ փաստ։ Հենց այդ պատճառով իմ երկրում ազդեցիկ պաշտոններ զբաղեցնող մարդիկ բազմիցս արդարացրել են բռնությունը և երբեմն նույնիսկ ահաբեկչությունը, եթե այն ծառայում էր ձախակողմյան քաղաքական նպատակներին։ Հենց այդ պատճառով, 2020 թվականի ամռանը՝ Ջորջ Ֆլոյդի անվան հետ կապված անկարգությունների ժամանակ, երբ հանցագործներն ու ծայրահեղականները հրկիզում ու թալանում էին Ամերիկայի մեծ քաղաքները և երկիրը գրեթե կանգնեցրել էին կաթվածահար լինելու եզրին, երկրի բազմաթիվ քաղաքներում տեղական իշխանությունները պարզապես հրաժարվեցին քրեական հետապնդում իրականացնել այս բռնության և ահաբեկչության մասնակիցների նկատմամբ։ Նույն պատճառով հայտնվեց այսօր արդեն հանրահայտ կադրը, որը թերևս շատերդ կհիշեք. հայտնի հեռուստաալիքի հաղորդավարը կանգնած էր կրակի մեջ հայտնված թաղամասում, իսկ էկրանի ստորին մասում գրված էր, որ «բողոքի ակցիաներն անցնում են հիմնականում խաղաղ»։ Սա պարզապես երկակի ստանդարտ չէր։ Ձախակողմյան բռնությունը ոչ միայն արդարացված էր համարվում, այլև վերածվել էր անձեռնմխելի երևույթի, որն արժանի էր հատուկ պաշտպանության։ Այս դարաշրջանը պետք է ավարտվի», – նշել է Մարկո Ռուբիոն։

Վաշինգտոնում ընթացող «Քաղաքական ահաբեկչության վերաակտիվացման մասին» նախարարական հանդիպմանը մասնակցում է ավելի քան 60 երկրի պատվիրակություն։ Հանդիպմանը մասնակցում է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, ով ելույթով կդիմի միջոցառման մասնակիցներին։

Նմանատիպ