Մարկո Ռուբիո. ԱՄՆ-ն կասկածի տակ չի դնում Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ եվրոպական երկրների եզրակացությունները
Միացյալ Նահանգները մտահոգիչ է համարում հինգ եվրոպական երկրների հայտարարությունը Ալեքսեյ Նավալնիի՝ ռուսական գաղութում էպիբատինով թունավորման մասին, Բրատիսլավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Իհարկե, մենք տեղյակ ենք այս հայտարարության մասին։ Սա մտահոգիչ տեղեկատվություն է։ Մենք տեղյակ ենք պարոն Նավալնիի գործի մասին և, անկասկած, մենք որևէ պատճառ չունենք դրան կասկածելու», – լրագրողներին ասել է Ռուբիոն։
Հարցին, թե ինչու Միացյալ Նահանգները չի միացել հայտարարությանը, Ռուբիոն պատասխանել է, որ դա եվրոպական երկրների նախաձեռնությունն է։
«Մենք այսպես որոշեցինք, և դա չի նշանակում, որ մենք համաձայն չենք արդյունքների հետ։ Դա պարզապես մեր նախաձեռնությունը չէր։ Երբեմն երկրները գործում են անկախ՝ հիմնվելով իրենց հավաքած հետախուզական տվյալների վրա», – նշել է Ռուբիոն։
Նա ասել է, որ ԱՄՆ-ն «չի վիճարկի» այս արդյունքները և չի մտադիր «հակամարտության մեջ մտնել այդ երկրների հետ» հայտարարության պատճառով։
Փետրվարի 14-ին Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ Ալեքսեյ Նավալնին ռուսական գաղութում թունավորվել է էպիբատինով՝ ծառի գորտի թույնով։ Այս եզրակացությանը հանգել են անկախ կերպով Նավալնիի կենսանյութի նմուշներն ուսումնասիրած հետազոտողները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ հինգ երկրների եզրակացությունները որակել է որպես «տեղեկատվական արշավ»: