Մարկո Ռուբիո՝ ԱՄՆ-ը 2,5 միլիարդ դոլարի ռազմավարական ներդրում կկատարի Հարավարևելյան Ասիայում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ՝ Միացյալ Նահանգները Հարավարևելյան Ասիայում կիրականացնի 2,5 միլիարդ դոլարի ռազմավարական ներդրում։
Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Ֆիլիպիններում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Հպարտությամբ հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգների հանձնառությունը «ԱՍԵԱՆ»-ին (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) չի սահմանափակվում միայն խոսքերով։ Դա հաստատում են նաև կոնկրետ գործողությունները։ Ինչպես հայտարարեցինք անցյալ տարի, և այդ ժամանակվանից ի վեր ակտիվորեն աշխատում ենք, ԱՄՆ-ն կօգտագործի կառավարության ձեռքի տակ եղած բոլոր գործիքները «ԱՍԵԱՆ»-ի հետ հարաբերություններն ամրապնդելու համար, այդ թվում՝ արտաքին օգնության ուղղությամբ։ Այս ջանքերի շրջանակներում Միացյալ Նահանգները Հարավարևելյան Ասիայում կիրականացնի 2,5 միլիարդ դոլարի ռազմավարական ներդրում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է մեր հավատարմությունը տարածաշրջանին։ Մենք ներդրում ենք անում, որովհետև «ԱՍԵԱՆ»-ի զարգացումը բխում է հենց Միացյալ Նահանգների շահերից։ Սա բարեգործություն չէ։ Մենք սա չենք անում նրա համար, որ ուղղակի բարի մարդիկ ենք, թեև հավատացած եմ, որ այդպիսին ենք։ Մենք սա անում ենք, որովհետև դա բխում է մեր ազգային շահերից։ Ձեզանից յուրաքանչյուրի և ողջ տարածաշրջանի հետ գործընկերությունը ծառայում է Ամերիկայի ազգային շահերին, և մենք այն երբեք չենք լքի»,— հայտարարել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ստիպված է համագործակցել նաև այնպիսի հզոր երկրների հետ, որոնց հետ ունի որոշակի անհամաձայնություններ։ Սակայն, Ռուբիոյի պարզաբանմամբ, դա երբեք չի լինի ԱՄՆ դաշնակիցների, գործընկերների կամ ԱՄՆ ազգային շահերի հաշվին։
«Սրա հետ մեկտեղ, մենք մտադիր ենք օգտագործել մեր կառավարության ֆինանսական այլ գործիքներն էլ՝ «ԱՍԵԱՆ»-ում նոր հնարավորություններ ստեղծելու համար։ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) կողմից 1,5 միլիարդ դոլարի նոր ռազմավարական ներդրման հաստատումը, որը կուղղվի ավիացիոն ենթակառուցվածքներին, էներգետիկ անվտանգությանը և մատակարարման անվտանգ շղթաներին, այն նախաձեռնությունների մասն է, որոնք ցանկանում ենք իրականացնել ձեզ հետ միասին։ Հավատացած եմ, որ XXI դարի պատմությունը կգրվի հենց այս տարածաշրջանում և այստեղ ընթացող իրադարձություններով։ Սա ասում եմ լիակատար հարգանքով աշխարհի այլ տարածաշրջանների նկատմամբ, որոնց մասին նույնպես հոգ ենք տանում, սակայն համոզված եմ, որ XXI դարի ապագան որոշվելու է հենց այստեղ։ Միացյալ Նահանգների և Հարավարևելյան Ասիայի անվտանգությունն ու բարօրությունը կախված են միմյանցից»,— նշել է Մարկո Ռուբիոն։