Մարկ Ռյուտե. Ուկրաինայում հաղթանակն այժմ հեռավոր երազանք է Պուտինի համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքով՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներին, Ուկրաինան չպետք է մնա առանց ուշադրության։
Այս մասին Մարկ Ռյուտեն հայտարարել է Բեռլինում՝ Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի 34-րդ հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանի ագրեսիվ պատերազմում դադար չկա։ Ռուսաստանը շարունակում է դաժան հարձակումները ցերեկ ու գիշեր։ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են զսպել Ռուսաստանին, ուկրաինացի ժողովուրդն այսօր էլ շարունակում է դիմադրել, և դա շատ կարևոր է», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Իր ելույթում նա ընդգծել է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, որը շարունակվում է ՆԱՏՕ-ի PURL մեխանիզմի շրջանակներում, ինչպես նաև ուշադրություն է հրավիրել դաշինքի անդամ երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության վրա, այդ թվում՝ Գերմանիայի, Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մատակարարմանը։
«Ուկրաինան ֆանտաստիկ աշխատանք է կատարում։ Ռուսաստանը մարտի դաշտում դժվարությունների է հանդիպում։ Հաղթանակը Պուտինի համար այժմ հեռավոր երազանք է, և մենք լրատվամիջոցներում տեսել ենք նաև, որ Պուտինը գիտակցում է Ռուսաստանի տնտեսության վատ վիճակը», – նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։