Մարկ Ռյուտե. ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների շարունակումը նպատակահարմար է. ավելի լավ է ունենալ հարցերի քննարկման հնարավորություն, քան լիովին խզել հարաբերությունները
Մարկ Ռյուտե. ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների շարունակումը նպատակահարմար է. ավելի լավ է ունենալ հարցերի քննարկման հնարավորություն, քան լիովին խզել հարաբերությունները

«Մենք գտնում ենք, որ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների շարունակումը նպատակահարմար է։ Ավելի լավ է շարունակել հարաբերությունները և ունենալ հարցերը քննարկելու այս հնարավորությունը, քան լիովին խզել կապերը», – այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Ռյուտեի խոսքով՝ Վրաստանի հարցում իրենք սերտ համակարգում են իրականացնում Եվրամիության հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հարց է ուղղվել. «Ի՞նչ է փոխվել ՆԱՏՕ-ի և Վրաստանի հարաբերություններում 2024 թվականի ընտրություններից հետո, և ինչպե՞ս է ՆԱՏՕ-ն գնահատում Վրաստանում լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու ընդդիմության դեմ ընդունված օրենքները և քաղաքական առաջնորդների ձերբակալությունները»։

«ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների հետ կապված՝ մենք կարծում ենք, որ այդ հարաբերությունների շարունակումը նպատակահարմար է։ Սակայն, իհարկե, պետք է ընդունենք նաև վերջին շրջանի զարգացումները. հենց այդ պատճառով ենք կոչ անում Վրաստանին վերադառնալ ավելի պրոեվրոպական, դեպի ապագա կողմնորոշված կուրսին, այդ թվում՝ ապահովել, որ ժողովրդավարության և օրենքի գերակայության տեսանկյունից շարունակվի այն հետագիծը, որի վրա գտնվում էր Վրաստանը։ Այս առումով ներկայումս լուրջ մտահոգություններ կան։ Մենք ունենք երկխոսություն, քննարկումներ, բայց որդեգրել ենք այն դիրքորոշումը, որ ավելի լավ է շարունակել հարաբերությունները և ունենալ հարցերը քննարկելու այս հնարավորությունը, քան ասել՝ մեզ դուր չի գալիս, և լիովին խզել հարաբերությունները», – նշել է Մարկ Ռյուտեն։