Մարկ Ռյուտե. Անհրաժեշտ է հզորացնել պաշտպանական արդյունաբերությունը, ասե՛ք ձեր բանկերին ու կենսաթոշակային հիմնադրամներին, որ նրանք կարող են ներդրումներ անել պաշտպանության ոլորտում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն համոզված է, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ին դուրս չի բերի դաշինքից։ Այս մասին Ռյուտեն հայտարարել է գերմանական պարբերականին տված հարցազրույցում։
«Ես չեմ տեսնում ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականություն»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ռյուտեն նաև նշել է, որ դաշինքին անհրաժեշտ է ավելի ուժեղ Եվրոպա։
Ռյուտեի հայտարարությամբ՝ պաշտպանական արդյունաբերության մեջ ներդրումներ անելու մեջ վատ բան չկա։
«Նախագահ Թրամփն ակնհայտորեն հիասթափված է ՆԱՏՕ-ի որոշ անդամներից, և ես հասկանում եմ նրա հիասթափությունը։ Անհրաժեշտ է հզորացնել պաշտպանական արդյունաբերությունը։ Դա վճռորոշ է մեր զսպող ուժն ու պաշտպանությունը պահպանելու համար։ Ասե՛ք ձեր բանկերին ու կենսաթոշակային հիմնադրամներին, որ նրանք կարող են ներդրումներ անել պաշտպանության ոլորտում։ Պաշտպանական արդյունաբերությունը կենտրոնական դեր է խաղում, որպեսզի մենք կարողանանք ապրել անվտանգ»,- հայտարարել է Մարկ Ռյուտեն։
Ի գիտություն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է Միացյալ Նահանգների դուրս գալը ՆԱՏՕ-ից։ Նա դաշինքի անդամներին անվանել է «թղթե վագրեր»։