Մարիամ Կվրիվիշվիլին և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենը քննարկել են ենթակառուցվածքային նախագծերը

22:38, 23.01.2026

Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և Ասիայի զարգացման բանկի (ADB) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Լեա Գուտիերեսը տնտեսության նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկրի տրանսպորտային ոլորտի զարգացման համար կարևոր ենթակառուցվածքային նախագծեր։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում ADB-ի մշտական ներկայացուցչության տնօրեն Լեսլի Բեարման Լամը, բանկի սեկտորային տնօրենները, տրանսպորտի առաջատար մասնագետներ և նախագծերի պատասխանատու աշխատակիցներ։

Մարիամ Քվրիվիշվիլիի հետ հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Թամար Իոսելիանին և «Վրաստանի երկաթուղի» ՍՊԸ գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեն։

Նախարարության հաղորդմամբ՝ Մարիամ Քվրիվիշվիլին ADB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է կառավարության տեսլականը տրանսպորտի ռազմավարության շրջանակում այն նախագծերի վերաբերյալ, որոնք մեծ նշանակություն ունեն առաջիկա տարիների տնտեսական աճի և տարածաշրջանային կապի ապահովման հարցում։

«Հանդիպման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանի նախագծին։ Ինչպես նշվել է, Ասիայի զարգացման բանկի կողմից Վազիանիում նոր միջազգային օդանավակայանի կառուցման տնտեսական նպատակահարմարության ուսումնասիրման համար հայտարարված մրցույթին արձանագրվել է բարձր հետաքրքրություն, և ներկայում ընթանում է խորհրդատվական ընկերության ընտրության գործընթացը։ Հանդիպման մասնակիցները նաև քննարկել են Վրաստանի երկաթուղու արդիականացման և շարժակազմի թարմացման ծրագրերը։ Խոսքը 50 նոր լոկոմոտիվի գնման մասին է, ինչը զգալիորեն կբարձրացնի շահագործման արդյունավետությունը, հուսալիությունը, թողունակությունը և կխթանի բեռնափոխադրումների աճը։ Վրացական կողմը նշել է, որ երկաթուղին, լինելով երկրի տրանսպորտային համակարգի ողնաշարը, պետք է կենտրոնական դեր ստանձնի Վրաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի վերածման գործում։ Սա ներառում է նաև Միջին միջանցքում Վրաստանի՝ որպես առանցքային տարանցիկ երկրի դերի բարձրացումը։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների կայուն աճի պայմաններում Միջին միջանցքը դառնում է հիմնական առևտրային երթուղիներից մեկը, և Վրաստանը վճռական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի զարգացման ուղղությամբ՝ ներառյալ այնպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսին է Անակլիայի նավահանգիստը։ Մարիամ Քվրիվիշվիլին ADB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է նախագծի ընթացքը, ներառյալ ծովային ենթակառուցվածքի, նավահանգստին տանող ճանապարհի և երկաթուղու շինարարության կարևոր հարցերը», – ասված է նախարարության հաղորդագրությունում։

Նմանատիպ