Մարիամ Քվրիվիշվիլին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության խորացման հնարավորությունները
Տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ և նրա հետ քննարկել է երկու երկրների համագործակցության առաջնահերթ ուղղությունները էներգետիկայի ոլորտում։
Մարիամ Քվրիվիշվիլիի գնահատմամբ՝ հանդիպումը շատ արդյունավետ է եղել, քննարկվել են երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական և գործընկերային հարաբերությունների խորացման հնարավորությունները։
Նշվել է, որ էներգետիկան Վրաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության հիմնական ուղղություններից մեկն է։ Մարիամ Քվրիվիշվիլին ընդգծել է Վրաստանի արդյունավետ համագործակցությունը թուրք ներդրողների հետ կանաչ էներգիայի ոլորտում։ Միայն վերջին հինգ տարիների ընթացքում թուրքական ընկերությունների ներդրումները Վրաստանի էներգետիկ հատվածում գերազանցել են 150 մլն ԱՄՆ դոլարը։ Ինչպես նշել է տնտեսության և կայուն զարգացման նախարարը, այս ոլորտում Վրաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը ունի առավել մեծ ներուժ։
«Նշեցինք նոր ծրագրեր, թե ինչպես զարգացնել գործող էլեկտրահաղորդման գծերը միասնական ժամանակացույցով՝ երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի թողունակությունը բարձրացնելու համար։ Սա, իհարկե, կուժեղացնի մեր երկրների միջև առևտրային հնարավորությունները, և Վրաստանը կբարելավի ինչպես տարանցման, այնպես էլ արտահանման ցուցանիշները», – հայտարարել է տնտեսության և կայուն զարգացման նախարարը։
Ներկայում Վրաստանին և Թուրքիային էներգետիկապես կապում է 400 կիլովոլտանոց «Մեսխեթի» էլեկտրահաղորդման գիծը, որի միջոցով երկու երկրի էներգետիկ համակարգերն իրականացնում են արտահանում և ներմուծում։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպմանը մասնակցել են Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարի տեղակալ Վախթանգ Ծինծաձեն, «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վանո Զարդիաշվիլին, ինչպես նաև Թուրքիայի էներգետիկ ձեռնարկությունների ներկայացուցիչներ։
Տեղեկատվությունը տարածում է տնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։