Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է ադրբեջանական «PASHA Holding» բիզնես խմբի՝ առևտրային և միջազգային նախագծերի գծով գործադիր տնօրենի հետ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է ադրբեջանական խոշոր բիզնես խումբ հանդիսացող «PASHA Holding»-ի՝ առևտրային և միջազգային նախագծերի գծով գործադիր տնօրեն Էլչին Գադիմովի հետ։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանում «PASHA Holding»-ի իրականացվող ներդրումային ծրագրերը և դրանց զարգացման պլանները։ Քննարկումը կենտրոնացել է ընթացիկ նախագծերի իրականացման փուլերի, ինչպես նաև Վրաստանում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունների և հետագա համագործակցության հեռանկարների վրա։
Նշվել է, որ 2015 թվականից ի վեր «PASHA Holding»-ը Վրաստանում ներդրել է մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար և նախատեսում է մոտ ապագայում լրացուցիչ ներդրումներ կատարել։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլին, Ներդրումային գործակալության ղեկավար Միխեիլ Խիդուրելին, «PASHA Holding»-ի ներկայացուցիչները և Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Ֆաիգ Գուլիևը։
«PASHA Holding»-ը Ադրբեջանում գործող խոշոր բազմաճյուղ բիզնես խումբ է. բանկային և ապահովագրական ոլորտներից բացի, այն գործունեություն է ծավալում նաև անշարժ գույքի, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում», – հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։