Մարիամ Քվրիվիշվիլին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարցեր
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Պիտեր Անդրեոլիի և Վրաստանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարող Ալան Փերսելի հետ:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները. շեշտը դրվել է խոշոր ենթակառուցվածքային նախագծերում ամերիկյան ներդրումների ներգրավման հնարավորությունների և առևտրային կապերի խորացման վրա:
«Վրացական կողմն ուշադրություն է հրավիրել Վրաստանի հետաքրքրվածության և լավատեսական սպասումների վրա՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերականգնման և հարաբերությունների «վերագործարկման» վերաբերյալ: Ընդգծվել է, որ նշված գործընթացը դրականորեն կանդրադառնա երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման վրա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի ներդրումային հնարավորությունները այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, լոգիստիկան և այլն: Հատուկ ուշադրություն է դարձվել «Միջին միջանցքի» (Middle Corridor) շրջանակներում Վրաստանի դերի ուժեղացմանը: Շեշտը դրվել է այնպիսի մասշտաբային նախագծերի վրա, ինչպիսիք են Վրաստանի նավահանգստային ենթակառուցվածքը, երկաթուղու արդիականացումը, Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը, որոնց լիարժեք շահագործումից հետո զգալիորեն կաճի Վրաստանի՝ որպես «Միջին միջանցքի» առանցքային մասնակցի մրցունակությունը», – նշված է էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ նույն աղբյուրի՝ Մարիամ Քվրիվիշվիլին ամերիկյան կողմին է ներկայացրել Անակլիայի խորջրյա նավահանգստի զարգացման ծրագրերն ու ընթացիկ առաջընթացը: Պետքարտուղարության ներկայացուցիչն անձամբ այցելել է նավահանգստի շինարարական տարածք, որտեղ տեղում ծանոթացել է նախագծի զարգացման հետ կապված պետական ռազմավարությանը:
Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալներ Գենադի Արվելաձեն և Թամար Իոսելիանին: