Մարիամ Քվրիվիշվիլի. Մենք լավատեսորեն ենք տրամադրված, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները և ռազմավարական համագործակցությունը կվերականգնվեն ու կվերբեռնվեն
Մարիամ Քվրիվիշվիլի. Մենք լավատեսորեն ենք տրամադրված, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները և ռազմավարական համագործակցությունը կվերականգնվեն ու կվերբեռնվեն

«Մենք լավատեսորեն ենք տրամադրված, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները և ռազմավարական համագործակցությունը կվերականգնվեն ու կվերբեռնվեն», – հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին՝ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Պիտեր Անդրեոլիի հետ հանդիպումից հետո, որտեղ խոսվել է երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցի շուրջ:

«ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Պիտեր Անդրեոլիի Վրաստան կատարած այցի շրջանակներում հնարավորություն ունեցանք նրան ներկայացնել Անակլիայի խորջրյա նավահանգստի զարգացման ծրագրերը։ Նա նաև եղել է Անակլիայի խորջրյա նավահանգստի տարածքում, որտեղ տեղում ծանոթացել է ընթացիկ առաջընթացին և այն ծրագրերին, որոնք պետությունն ունի այս նախագծի զարգացման առնչությամբ», – նշել է էկոնոմիկայի նախարարը։

Մարիամ Քվրիվիշվիլին ԱՄՆ պատվիրակությանը ներկայացրել է Վրաստանի ներդրումային հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում խոսվել է Միջին միջանցքի երթուղում Վրաստանի կարևոր դերի, ինչպես նաև մեր երկրի տնտեսության մի շարք ճյուղերի մասին, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի և այլն։

Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ներկայացուցչի հետ հանդիպումը բավականին արդյունավետ էր. վրացական կողմը ևս մեկ անգամ հստակ արձանագրել է երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման մեծ ցանկությունն ու դրական սպասումները, ինչը դրականորեն կանդրադառնա առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման վրա։

«Մենք նաև խոսեցինք այն ներդրումային հնարավորությունների մասին, որոնք առկա են Վրաստանում վերոնշյալ ոլորտներում, հատկապես այնպիսի խոշոր նախագծերում, ինչպիսիք են Վրաստանի երկաթուղու արդիականացման, նոր միջազգային օդանավակայանի, ինչպես նաև Սև ծովի ստորջրյա մալուխի նախագծերը։ Իհարկե, մենք լավատեսորեն ենք տրամադրված, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները և ռազմավարական համագործակցությունը կվերականգնվեն ու կվերբեռնվեն», – ասել է Մարիամ Քվրիվիշվիլին։