Մամուկա Բախտաձեն հանդիպել է Ատլանտյան խորհրդի գործադիր փոխնախագահին
Մամուկա Բախտաձեն հանդիպել է Ատլանտյան խորհրդի գործադիր փոխնախագահին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է Ատլանտյան խորհրդի գործադիր փոխնախագահ Դեյմոն Վիլսոնին:

Կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, խոսքը վերաբերել է Վրաստանում ընթացող բարեփոխումներին, որոնք ծառայում են ժողովրդավարական ինստիտուցիաների հզորացմանը և արագ տնտեսական զարգացմանը:

Մամուկա Բախտաձեն Ատլանտյան խորհրդին շնորհակալություն է հայտնել Վրաստանին աջակցելու համար և ընդգծել նրա ներդրումը երկրի տարածաշրջանային դերի և տնտեսական հնարավորությունների դրսևորման գործընթացում:

Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և երկու երկրների միջև առևտրային և ներդրումային հարցերով ընթացող բարձր մակարդակի երկխոսությանը, որի շրջանակներում գոյություն ունի երկկողմ ազատ առևտրի ռեժիմի քննարկման հնարավորություն:

Ատլանտյան խորհրդի փոխնախագահը նշել է, որ Վրաստանը տարածշրջանում ԱՄՆ-ի կարևոր հենարանն է և ընդգծել երկրի տնտեսական զարգացման մեծ ներուժը:

Դեյմոն Վիլսոնը Մամուկա Բախտաձեին հրավիրել է հոկտեմբերին 24-ին, Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, որը կայանալու է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում: