Մամուկա Բախտաձե. Վրաստանը կունենա բոլոր մեխանիզմները, որպեսզի մեր երկրում տրված ցանկացած դիպլոմ Եվրամիությունում ճանաչվի վավեր
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական միությանն (ENQA) անդամակցելը Վրաստանի կրթության համակարգի համար պատմական իրադարձություն է և մեր երկրի մեծագույն հաջողությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, Վրաստանը ևս մեկ կարևոր և սկզբունքային քայլ է արել եվրաինտեգրման ճանապարհին:
«Մենք կմոտենանք եվրոպական ընտանիքին կարևորագույն ուղղությունում և դա կրթությունն է: Մի քանի օր առաջ Եվրոպայի որակի ապահովման գործակալությունների միությունը կայացրել է որոշում, որ Վրաստանը կանդամակցի «Էնքային» (ENQA): Սա մեծ հաջողություն է: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ սա պատմական իրադարձություն է մեր կրթության համակարգի համար, այն ֆոնին, երբ մեր ազդարարել ենք, որ կրթությունը մեր երկրի գլխավոր ուժն է»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքով, Վրաստանը կունենա բոլոր փորձնական մեխանիզմները, որպեսզի Վրաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունները ապահովեն բոլոր չափանիշները, որը նշանակում է, որ Վրաստանում տրված ցանկացած դիպլոմ կլինի վավեր Եվրամիությունում:
«Սա մեծ քայլ է, որը մենք կատարեցինք: Շնորհակալություն մեր եվրոպացի բարեկամներին, բոլորին, ովքեր ներգրավված էին այս գործին: Ինձ համար սա ուրախալի է այն բանից հետո, երբ ազդարարեցինք կրթական նոր բարեփոխումը, ազգային գաղափարը: Սա մեզ տալիս է կոնկրետ արդյունքներ: Պետք է գիտակցենք, որ սա մեծ հաղթանակ է և միևնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն: Ակտիվ պետք է աշխատենք, որպեսզի որքան հնարավոր է սեղմ ժամկետներում բավարարենք բոլոր չափանիշները»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել եվրոպացի բարեկամներին և բոլորին, ովքեր ներգրավված էին այս գործին:
Վրաստանի կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի «Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական միությունում» (ENQA) անդամակցության առնչությամբ այսօր Թբիլիսիում ընթանում է «Եվրոպական որակի բարձրագույն կրթություն» միջոցառումը: Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական միության նախագահությունը Վրաստանի կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի անդամակցության մասին որոշումը կայացրել է ապրիլի 25-ին, Էստոնիայում, Տալինում անցկացված ամենամյա 9-րդ համաժողովին: