Մամուկա Բախտաձե. Որևէ մեկին թույլ չենք տա Վրաստանը դարձնել ագրեսիվ օրակարգի գերի, ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականությունում
Բնական է, այս որոշումը դրական է և ողջունելի, իմ անձնական դիրքորոշումն է, որ միջժողովրդական հարաբերությունում որևէ խոչընդոտ չպետք է լինի,- այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը:
Կառավարության ղեկավարի խոսքով, միջժողովրդական հարաբերությունը շատ սկզունքային հարց է և վերջին տարիների ընթացքում այս ուղղությամբ կա կարևոր առաջընթաց:
«Ինչ վերաբերում է կիրակի երեկոյան տեղի ունեցած փաստին, ոչ նորմալ արտահայտություններին, որոնք լսեցինք, սա անընդունելի է ցանկացած առողջ մտածելակերպ ունեցող մարդու համար, առավել ևս անընդունելի է մեր ազգի համար, ազգի, որն առանձնապես հպարտ է իր մշակույթով և արժեքներով: Մենք պատասխանատվության զգացում ունեցող կառավարություն ենք, որը մշտապես միտված է ազգային շահերին: Վրաստանի առջև ծառացած են շատ ցավոտ մարտահրավերներ և բոլորս պետք է իմանանք, որ այս մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն միաբանությամբ և համախմբվածությամբ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը որևէ մեկին իրավունք չի տա Վրաստանը դարձնել ագրեսիվ օրակարգի գերի, ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականությունում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելը անհրաժեշտ չի համարում: