Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել է երկրի անվանումը փոխելու վերաբերյալ Հունաստանի հետ ձեռք բերված համաձայնությունը
Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել է երկրի անվանումը փոխելու վերաբերյալ, Հունաստանի հետ ձեռք բերված համաձայնությունը: Լրատվությունը տարածում է տեղական մամուլը: Օրենսդրական նախաձեռնությանը աջակցել է 120 պատգամավորից 69-ը: Հիմնական ընդիմադիր VMRO DPMNE կուսակցությունը բոյկոտել է խորհրդարանի նիստը:
Ինչպես քվեարկությունից հետո հայտարարել է երկրի վարչապետ Զորան Զաևը, Սկոպյեն և Աթենքը ձեռք են բերել երկու կողմերի համար շահավետ և արժանի պայմանավորվածություն, որը պաշտպանելու է Մակետոնիայի ինքնությունը և լեզուն: Նրա խոսքերով, կառավարությունը այս քայլը արել է քաղաքացիների և ապագա սերնդի խաղաղ ապագայի համար:
Վավերացումից հետո համաձայնագիրը ստորագրելու համար ուղարկվել է երկրի նախագահ Գեորգե Իվանովին, որը այն ստորագրելու համար ունի 7 օրյա ժամկետ:
Անցած շաբաթ նախագահ Գեորգե Իվանովը հայտարարել էր, որ փաստաթուղթը չի ստորագրելու:
Հունաստանը և Մակեդոնիան հունիսի 17-ին ստորագրել են նախկին Հարավսլավիայի հանրապետության՝ Մակեդոնիայի անվանափոխման համաձայնագիրը, որի համաձայն երկրի նոր անվանումը լինելու է ՝հյուսիսային Մակեդոնիա: Այսպիսով Աթենքի և Սկոպյեի միջև ավարտվել է 27 ամյա վեճը, որը խոչընդոտում էր երկրի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացը:
Հեղինակ -
Edgar Barsegyan