Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժոու Ցյանի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Արտգործնախարարության տվյալներով՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի։
«Շեշտադրվել է Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակներում հարաբերությունների դինամիկան և տնտեսության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցերը։ Հատկապես նշվել է Վրաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ճանապարհորդության կարևորությունը, որը նպաստում է գործարար շրջանակների մերձեցմանը, ինչպես նաև մարդկանց միջև շփումների զարգացմանը։ Շեշտվել է նաև ուղիղ ավիափոխադրումների կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շանհայում կայանալիք Չինաստանի 8-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին Վրաստանի մասնակցության հետ կապված հարցեր։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ավելի լայն տարածաշրջանում ընթացող գործընթացներին, Միջին միջանցքի զարգացման հեռանկարներին։ Շեշտադրվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։