Մակա Բոճորիշվիլի. Եվրամիության անվտանգությունը չի կարող ապահովվել առանց հարևանության խաղաղության և կայունության
Մակա Բոճորիշվիլի. Եվրամիության անվտանգությունը չի կարող ապահովվել առանց հարևանության խաղաղության և կայունության

Հունաստանի Հանրապետությունում ընթացող «Դելֆիի տնտեսական ֆորումի» շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին մասնակցել է «Պաշտպանություն, որն ապահովում է ընդլայնումը. անվտանգությունը՝ որպես անդամակցության նոր հենասյուն» խորագրով աշխատանքային նիստին:

Իր ելույթում նախարարն անդրադարձել է եվրոպական անվտանգության ամրապնդման հարցին և ընդգծել, որ եվրոպական անվտանգության մասին խոսելիս չպետք է տարանջատել Եվրամիությունը և նրանից դուրս գտնվող երկրները, քանի որ ԵՄ անվտանգությունը չի կարող ապահովվել առանց հարևանությամբ տիրող խաղաղության և կայունության:

«Նախևառաջ, անվտանգության մասին խոսելիս անհրաժեշտ է քննարկել մեր առջև ծառացած մարտահրավերները: Եվրոպական անվտանգության մասին խոսելիս մենք չպետք է տարանջատենք Եվրամիությունը և նրա ոչ անդամ երկրները, քանի որ մենք ունենք ընդհանուր կարիքներ և անվտանգության ընդհանուր շահեր: Եթե հետադարձ հայացք գցենք 2008 թվականին և դրանից առաջ Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի ազդեցությանը եվրոպական անվտանգության ճարտարապետության վրա, ակնհայտ է դառնում, որ ԵՄ անվտանգությունը չի կարող ապահովվել առանց իր հարևանությամբ խաղաղության և կայունության: Միևնույն ժամանակ, Վրաստանի անվտանգությունը հնարավոր չէ դիտարկել Եվրամիության անվտանգությունից անկախ: Հենց այդ պատճառով, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, մենք պետք է միասին մտածենք և գործենք»,- նշել է Մակա Բոճորիշվիլին:

Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ եվրոպական անվտանգության համար կրիտիկական նշանակություն ունեն Սևծովյան տարածաշրջանը և Հարավային Կովկասը: Բացի այդ, ժամանակակից անվտանգությունն այլևս չի սահմանափակվում միայն ռազմական բաղադրիչով և պահանջում է ավելի լայն, բազմակողմանի մոտեցում:

«Այսօր անվտանգությունն այլևս չի ենթադրում միայն ռազմական ուժ և հնարավորություններ. անվտանգության ընկալումն անպայմանորեն ներառում է տնտեսական դիմակայունությունը, կապակցվածությունը և կայուն զարգացումը: Եթե նայենք քարտեզին, կտեսնենք մի նուրբ, սակայն Եվրոպայի համար կրիտիկական նշանակություն ունեցող գիծ, որն անցնում է Սևծովյան տարածաշրջանով և Հարավային Կովկասով: Սա եվրոպական անվտանգության համար շատ կարևոր տարածաշրջան է, մենք այն հենց այդպես ենք տեսնում, քանի որ մեզ համարում ենք եվրոպական անվտանգության ճարտարապետության մաս: Սա կարևոր գործոն է, որն անպայման պետք է հաշվի առնվի, երբ խոսում ենք եվրոպական անվտանգության ստեղծման մասին»,- հայտարարել է նախարարը:

Մակա Բոճորիշվիլին իր ելույթի զգալի մասը նվիրել է Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին. «Վրաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհն անսասան է, դա մեր ինքնության մասն է և պատմական ընտրությունը: Սա արժեքների վրա հիմնված ընտրություն է»:

Նախարարը նաև շեշտել է, որ ընդլայնման գործընթացը պետք է դիտարկվի լայն աշխարհաքաղաքական համատեքստում. «Ընդլայնումը աշխարհաքաղաքական գործընթաց է և անհրաժեշտություն: Այն չպետք է դառնա նեղ բյուրոկրատական մոտեցումների զոհը, քանի որ այդ դեպքում վնասվում է դրա հիմնական գաղափարը: Ընդլայնումն ինքնանպատակ չէ. այն գործիք է, որն օգտագործում ենք ավելի կարևոր նպատակի հասնելու համար, ինչն է՝ ընդհանուր անվտանգության և խաղաղության ապահովումը»:

Մակա Բոճորիշվիլին ուշադրություն է հրավիրել նաև Վրաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիային և բարդ աշխարհաքաղաքական միջավայրին:

«Չնայած ծայրահեղ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին, մենք կարողացել ենք պահպանել խաղաղությունն ու կայունությունը երկրում և պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները դրանց դեմ ուղղված բազմաթիվ հարձակումների ֆոնին: Նաև կարողացել ենք ապահովել կայուն զարգացում, ինչը նշանակում է կայուն տնտեսական աճ»,- հայտնել է նախարարը:

Վերջում Մակա Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանը շարունակում է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ Եվրամիությանն անդամակցելու համար ամուր հիմքեր ապահովելու նպատակով: