Մակա Բոճորիշվիլի. Սինգապուր վարչապետի այցը շատ լավ հնարավորություն էր, կարևոր քայլ երկու երկրների ու երկու տարածաշրջանների միջև կապերն ամրապնդելու համար
Վրաստանի և Սինգապուրի միջև հարաբերությունների զարգացման համար վարչապետի այցը շատ կարևոր էր: Բարձր մակարդակի հանդիպումներին մենք խոսեցինք քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման հարցերի, այն քայլերի մասին, որոնք կարող են ապագայում ձեռնարկվել երկու երկրների միջև, թե ինչպես կարող ենք խրախուսել տնտեսական կապերն ու քաղաքական երկխոսությունը, – այս մասին Վրաստանի վարչապետի Սինգապուր կատարած այցը գնահատելիս հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
Նախարարի հայտարարությամբ՝ այցի շրջանակներում առանձնահատուկ նշանակություն են ունեցել գործընկեր նախարարների հետ անցկացված հանդիպումները, որտեղ կողմերը քննարկել են համագործակցության խորացման և փորձի փոխանակման հնարավորությունները:
«Այս այցը կարևոր էր այն տեսանկյունից, որ հանդիպումներ կայացան գործընկեր նախարարների հետ: Իմ գործընկերոջ հետ միասին հնարավորություն ունեցա խոսելու և քննարկելու Վրաստանի և Սինգապուրի միջև քաղաքական ու տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները: Մենք խոսեցինք փորձի փոխանակման կարևորության մասին: Երկու երկրներն էլ ունեն նույն տեսակի մարտահրավերներ և հնարավորություններ, ինչը կարևոր է հենց մեր փորձը փոխանակելու և ապագայում համատեղ աշխատելու համար», – հայտարարել է Մակա Բոճորիշվիլին:
Նրա խոսքով՝ հանդիպումներին ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդման կարևորության վրա:
«Մենք խոսեցինք նաև տարածաշրջանային կապերի ամրապնդման մասին: Վրաստանի համար Սինգապուրը կարևոր երկիր է Ասիայի երկրների հետ կապերի ամրապնդման տեսանկյունից: Այս համատեքստում Սինգապուրի համար նույնպես կարևոր են Վրաստանի հետ կապերը՝ հենց մեր տարածաշրջանի հետ հարաբերություններն ուժեղացնելու համար: Հենց դրա համար էլ վարչապետի այցը շատ լավ հնարավորություն էր և կարևոր քայլ երկու երկրների ու երկու տարածաշրջանների միջև կապերն ամրապնդելու համար», – հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարը: