Մակա Բոճորիշվիլի. Չնայած մարտահրավերներին՝ Վրաստանը դրսևորեց մեծ տոկունություն, խելամիտ տնտեսական քաղաքականության և ֆինանսական կարգապահության շնորհիվ մենք պահպանեցինք տնտեսության կայունությունը
Մակա Բոճորիշվիլի. Չնայած մարտահրավերներին՝ Վրաստանը դրսևորեց մեծ տոկունություն, խելամիտ տնտեսական քաղաքականության և ֆինանսական կարգապահության շնորհիվ մենք պահպանեցինք տնտեսության կայունությունը

Չնայած բազմաթիվ մարտահրավերներին՝ Վրաստանը դրսևորել է մեծ տոկունություն։ Խելամիտ տնտեսական քաղաքականության և ֆինանսական կարգապահության շնորհիվ մենք պահպանել ենք տնտեսության կայունությունն ու առողջությունը։ Դրա արդյունքում հնարավոր եղավ հաղթահարել արտաքին ցնցումները և հասնել տպավորիչ առաջընթացի, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ՄԱԿ-ի զարգացման ֆինանսավորման հարցերով չորրորդ միջազգային համաժողովի ժամանակ։

Բոճորիշվիլու խոսքով՝ 2021 թվականին Վրաստանում արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ, իսկ վերջին չորս տարվա ընթացքում՝ միջինը 9.7% աճ։

Նա նշել է նաև, որ Վրաստանը առանձնանում է ներդրումային գրավիչ մթնոլորտով, ինչը պայմանավորված է կայուն իրավական համակարգով և բիզնեսին բարենպաստ միջավայրով։

«Պարոն նախագահ, պարոն գլխավոր քարտուղար, գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, նախ և առաջ կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել Իսպանիայի Թագավորության կառավարությանը՝ Սևիլիայի այս հիասքանչ քաղաքում այս կարևոր միջոցառումը հյուրընկալելու համար։ Վրաստանի անունից մասնակցել այս չափազանց կարևոր համաժողովին մեծ պատիվ է, հատկապես այս շրջադարձային փուլում միջազգային հանրության համար։

Այսօր աշխարհում ֆինանսական ճարտարապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Համավարակի երկարաձգված ազդեցությունը, ընթացիկ հակամարտությունները, աճող անհավասարությունը, հումանիտար ճգնաժամերը, պարենային անվտանգության բացակայությունը և կլիմայի փոփոխությունը լուրջ խոչընդոտներ են հանդիսանում 2030 թվականի օրակարգի իրագործման համար։ Այս համաժողովը լավ հնարավորություն է բազմակողմ համագործակցության կարևորությունը ընդգծելու, մեր համատեղ ջանքերին լրացուցիչ մղում տալու՝ կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ և ապահովելու, որ ոչ ոք չմնա գործընթացից դուրս։

Սիրելի գործընկերներ, չնայած բազմաթիվ մարտահրավերներին՝ Վրաստանը դրսևորել է մեծ տոկունություն։ Խելամիտ տնտեսական քաղաքականության և ֆինանսական կարգապահության շնորհիվ մենք պահպանել ենք տնտեսության կայունությունն ու առողջությունը։ Դրա արդյունքում հնարավոր եղավ հաղթահարել արտաքին ցնցումները և հասնել տպավորիչ առաջընթացի – 2021 թվականին արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ, իսկ վերջին չորս տարիների ընթացքում՝ միջինը 9.7% աճ։

Երկրի տնտեսական աճն ընդգրկուն բնույթ ունի, և ձեռքբերումները պայմանավորված են առևտրի, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և ծառայությունների ոլորտներում զգալի արդյունքներով։ Արագ վերականգնման միտումներ են նկատվում նաև զբոսաշրջության ոլորտում – 2024 թվականին ստացված եկամուտը 35%-ով գերազանցել է համավարակին նախորդած ցուցանիշը, և աճը շարունակվում է նաև 2025 թվականին։ Կայուն զարգացման երկարաժամկետ հեռանկարի ապահովման համար մեր առաջնահերթությունը հիմնարար ենթակառուցվածքների զարգացման մեջ ներդրումների կատարումն է, ինչպես նաև վերականգնվող էներգիային, թվային փոխակերպմանն ու կապակցվածությանը կենտրոնացումը։

Վրաստանը աչքի է ընկնում էական առաջընթացով և ներդրումային գրավիչ մթնոլորտով, ինչը պայմանավորված է կայուն իրավական համակարգով և բիզնեսին նպաստող միջավայրով։ Պետական բյուջեի թափանցիկության տեսանկյունից Վրաստանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում «Միջազգային Բյուջետային Գործընկերության» կողմից իրականացված «Բաց բյուջե 2023» հետազոտության համաձայն։ Տնտեսական ազատության ցուցիչով Վրաստանը զբաղեցնում է 35-րդ տեղը և գերազանցում է ԵՄ յոթ անդամ պետությունների՝ ըստ «Հերիթեյջ հիմնադրամի» տվյալների։ Համաշխարհային բանկի 2024 թվականի «Պատրաստվածություն բիզնեսի» վարկանիշում Վրաստանը 50 երկրների թվում գտնվում է լավագույն եռյակում», – հայտարարել է Մակա Բոճորիշվիլին։

Նույն ժամանակ, Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է ինքնիշխանության ամրապնդմանն ու տարածաշրջանային կայունության խթանմանը։

«Վրաստանը այս առաջընթացին հասել է՝ անվտանգության լուրջ մարտահրավերների և Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանների անօրինական օկուպացիայի պայմաններում։ Վրաստանը հաստատակամորեն կողմ է կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, ինքնիշխանության ամրապնդմանն ու տարածաշրջանային կայունության խթանմանը։ Մենք մնում ենք հաստատակամ՝ շարունակելու կառուցվածքային բարեփոխումները՝ ներառյալ առևտրային շուկաների դիվերսիֆիկացիան, տարածաշրջանային առևտրային կապակցվածության բարելավումը, կապիտալի շուկայի զարգացման աջակցությունն ու էներգետիկ անվտանգության ամրապնդումը։ Վերջին տարիներին մենք ակտիվորեն կիսում ենք մեր փորձը զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրների հետ՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնեսի համար նպաստավոր միջավայրի ստեղծման, հարկային և մաքսային համակարգերի բարելավման ոլորտներում։ Վրաստանը պատրաստ է ապագայում ևս սերտ համագործակցել միջազգային հանրության հետ՝ նպաստելու արդյունավետ և ներառական գլոբալ ֆինանսական համակարգի ձևավորմանը։

Վերջում ուզում եմ հատկապես ընդգծել, որ Զարգացման ֆինանսավորման չորրորդ համաժողովը (FfD) չպետք է մնա միայն առաջընթացի ամփոփման հարթակ։ Այն պետք է դառնա հետագա քայլերի կարևոր խթան։ Վրաստանը պատրաստ է իր դերը խաղալու և համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու, որ ֆինանսական համակարգերը երաշխավորեն ոչ միայն տնտեսական աճ, այլ նաև ներառական և կայուն զարգացում բոլորի համար», – հայտարարել է Մակա Բոճորիշվիլին։