ՄԱԿ-ի զեկույց. Գազայի հատվածում շենքերի 80 տոկոսը ավերված կամ վնասված է, կյանքը վերականգնելու համար անհրաժեշտ է 70 միլիարդ դոլար
ՄԱԿ-ի զեկույց. Գազայի հատվածում շենքերի 80 տոկոսը ավերված կամ վնասված է, կյանքը վերականգնելու համար անհրաժեշտ է 70 միլիարդ դոլար

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հաշվետվության համաձայն՝ Գազայի հատվածում գտնվող շինությունների 80%-ը կամ ամբողջությամբ ավերված է, կամ վնասված։ Մասնավորապես, Գազա քաղաքում այս ցուցանիշը հասել է 92%-ի։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մամուլի խոսնակի խոսքով՝ ավերածությունները Գազայի հատվածում հասել են աղետալի մասշտաբների։ Կազմակերպության տվյալներով՝ Գազայի հատվածից անհրաժեշտ է դուրս բերել 55 միլիոն տոննա ավերակ։

«ՄԱԿ-ի զարգացման ծրագրի» աշխատակիցները սկսել են մաքրման աշխատանքներ, սակայն գործընթացը խոչընդոտվում է ավերակներում հայտնաբերված պայթուցիկ սարքերով ու չպայթած զինամթերքով, որոնք անհրաժեշտ է վնասազերծել։

Բացի այդ, շարունակվում է զոհվածների մարմինների դուրսբերումը, որոնք պետք է նույնականացվեն։

Հաշվետվության համաձայն՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի և Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Գազայում կյանքի վերականգնման համար անհրաժեշտ է հատկացնել 70 միլիարդ դոլար։