ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է Երուսաղեմի վերաբերյալ բանաձևի նախագիծը
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է Երուսաղեմի վերաբերյալ բանաձևի նախագիծը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 18-ին նախատեսում է քննարկել Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մասնավորապես, խոսքը բանաձևի նախագծի մասին է, որն անվավեր է ճանաչում քաղաքի ներկա կարգավիճակը փոփոխությունը և պատասխան է ԱՄՆ կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը,- հաղորդում է «Ռոյտերը»։

ՄԱԿ-ում դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ փաստաթուղթը պատրաստել է Պաղեստինը, իսկ օրակարգում ընդգրկել է Եգիպտոսը։ Նշվում է, որ Եգիպտոսի պատվիրակությունը դեռևս պաշտոնապես չի առաջարկել ՄԱԿ-ի ԱԽ առաջիկա նիստում քվեարկություն անցկացնել։

Գործակալության փոխանցմամբ, բանաձևի նախագծում ասվում է. «Ցանկացած գործողություն ու որոշում, որոնք ենթադրում են սուրբ քաղաք Երուսաղեմի կարգավիճակը, բնույթը և ժողովրդագրական կազմը, չունեն իրավաբանական ուժ, անվավեր են և պետք է չեղարկվեն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համաձայն»։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը դատապարտել է Անվտանգության խորհրդում տարածված բանաձևի նախագիծը։ «Ոչ քվեարկությունը, ոչ քննարկումները չեն փոխի պարզ իրողությունը, որ Երուսաղեմը միշտ եղել է և կլինի Իսրայելի մայրաքաղաքը։ Մեր դաշնակիցների հետ միասին մենք կշարունակենք պայքարել պատմական ճշմարտության համար»,-հայտարարել են ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցչությունում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մտադրության մասին։