«Լիվերպուլը» հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին. «Մանչեսթեր Յունայթեդն» ընդհատեց առանց հաղթանակների շարքը
«Լիվերպուլը» հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին. «Մանչեսթեր Յունայթեդն» ընդհատեց առանց հաղթանակների շարքը

Անգլիական Պրեմյեր լիգայում հունվարի 1-ին անց են կացվել  22-րդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները:

«Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով ուժեղ գտնվեց «Բարնլիից»՝ հաղթանակ կորզելով ավելացված ժամանակում:

Խաղի վերջնամասն անցավ լարված պայքարում: Սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեի գոլի շնորհիվ հյուրերը հաշվի մեջ առջևում էին մինչև 88-րդ րոպեն, երբ Իսլանդիայի հավաքականի հարձակվող Յոհան Գուդմունդսոնը խփեց «Բարնլիի» պատասխան գոլը՝ 1:1: «Լիվերպուլին» ավելացված ժամանակի չորրորդ րոպեին հաղթանակ պարգևեց էստոնացի պաշտպան Ռագնար Կլավանը: Վերջինս դարձավ Պրեմյեր լիգայում գոլ խփած առաջին էստոնացին:

Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ և  հաղթեց 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսում «Էվերտոնն» ավելի լավ տեսք ուներ, սակայն չկարողացավ գոլ խփել: Ընդմիջումից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ նկատելի առավելություն, որը գոլի վերածեց 57-րդ րոպեին: Գեղեցիկ գոլով հաշիվը բացեց ֆրանսիացի Անտոնի Մարսիալը, որը հանդես էր գալիս կենտրոնականհարձակվողի դիրքում: Գոլից հետո հյուրերը նվազեցրին ճնշումը: «Էվերտոնի» սակավաթիվ գրոհները վտանգավոր չէին ստացվում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջնամասում խփեց նաև  երկրորդ գոլը: 81-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը: 2 գոլերի փոխանցումներն էլ կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան:

Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել էր Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի փոխարինողների թվում, սակայն խաղալու հնարավորություն չստացավ:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած Լոնդոնի «Չելսիին» և 47 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: