Լիտվայում ամերիկյան զրահամեքենան դուրս է բերվել ճահճից, անհետ կորած զինվորների որոնումները շարունակվում են
Լիտվայի Պաբրադե զորավարժարանում ամերիկյան զրահամեքենան ճահճից հանելու գործողությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է Լիտվայի հանրային հեռարձակողը։
Ինչպես հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարությունը, ճահիճն ընկած զրահամեքենան դուրս բերելու համար օգտագործվել է ևս երկու զրահափոխադրիչ և հատուկ տեխնիկա։ Գործողությանը մասնակցել են ռազմական ինժեներներ և ջրասուզներ։
«Այժմ դեպքի վայրում աշխատում են ամերիկացի քննիչներն ու Լիտվայի ռազմական ոստիկանությունը»,- ասել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեն։
Նա ասել է, որ Լիտվան դեռևս տեղեկություն չունի անհետ կորած զինվորների մասին, և ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ Վաշինգտոնն առաջինը կհրապարակի այդ տեղեկությունը։
Լիտվայի պաշտպանության նախարարի խոսքով՝ զորավարժությունները, որոնց ընթացքում տեղի է ունեցել միջադեպը, կազմակերպել է ամերիկյան կողմը։
«Օպերացիայի հրամանատարներն են պատասխանատու պլանների կազմման և զորավարժությունների ընթացքում իրականացված գործողությունների համար: Թե ինչպես է տեղի ունեցել այս իրադարձությունը, մենք կիմանանք ավելի ուշ, քանի որ մենք տեղեկություն չունենք զինվորների մասին», – ասել է Շակալենեն։
Մարտի 26-ին ճահիճում հայտնաբերվել է զրահամեքենա, որը մասնակցում էր Լիտվայում զորավարժություններին և վարում էին չորս ամերիկացի զինվորներ։ Այս տեղեկությունը տարածել է Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան հրամանատարությունը։ Նույն օրը Վարշավա այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ այդ զինվորները մահացել են։