Լիտվայի իշխանությունները հայտնում են, որ մարտի 23-ին երկրում կործանված անօդաչու թռչող սարքը, հավանաբար, ուկրաինական է եղել
Լիտվայի իշխանությունները հայտնում են, որ մարտի 23-ին երկրում կործանված անօդաչու թռչող սարքը, հավանաբար, ուկրաինական է եղել

Մարտական անօդաչու թռչող սարքը, որը մարտի 23-ին ընկել էր Լիտվայում, ամենայն հավանականությամբ եղել է ուկրաինական և մասնակցել է Լենինգրադի մարզի նավահանգստի վրա հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։

«Նախնական տեղեկություններով՝ այս անօդաչու թռչող սարքն այն դրոնների խմբից է, որոնք վնասել են ռուսական Պրիմորսկ նավահանգիստը։ Շատ մեծ է հավանականությունը, որ սա ուկրաինական դրոն է, որը շեղվել է կուրսից և ընկել մեր տարածքում», – հայտարարել է Կաունասը։

Միջադեպին արձագանքել է նաև Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն՝ պատահարի պատճառ անվանելով Ռուսաստանի ագրեսիան։

«Սա լոկալ միջադեպ չէ, սա անվտանգության ավելի լայն պատկերի մասն է։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան լրացուցիչ ռիսկեր է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար», – հայտարարել է Լիտվայի վարչապետը։

Տեղեկության համար նշենք, որ մարտի 23-ին Լիտվայի զինված ուժերը հայտարարել էին երկրի օդային տարածք դրոնի ներխուժման մասին։ Այն ընկել էր սառած լճի վրա՝ Բելառուսի սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա։ Անցյալ տարի Լիտվան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ օդային պաշտպանության համակարգն ուժեղացնելու խնդրանքով, այն բանից հետո, երբ Բելառուսից Լիտվա մտած մարտական դրոնները երկու անգամ ընկել էին երկրի տարածքում։